Տիգրան Պասկեւիչյան. Լռել Վանո Սիրադեղյանի մասին. Ալիք Մեդիա

512

Ես մահախոսականներ գրելու եւ կարդալու սովոր չեմ։ Առավել եւս որ խոսքը վերաբերում է մի մարդու, ով մահվան հետ առնչություն չունի։

Վանո Սիրադեղյանն այդ բանի հետ իր հաշիվները մաքրեց հրաժարումով։

Նա, որքան էլ տարօրինակ թվա, հրաժարվեց իր անունից, որ մեր ընկալումներում նախեւառաջ անվանում է.

Վանո Սիրադեղյան արձակագիր…

Վանո Սիրադեղյան պայքարող…

Վանո Սիրադեղյան քաղաքական-պետական գործիչ…

Վանո Սիրադեղյան մեղադրյալ…

Եվ վերջապես … Վանո Սիրադեղյան … հանգուցյալ…

Հրաժարումն անունից թերեւս ամենամեծ առաքինությունն է, եւ սա է պատճառը, որ որոշ բարձրաստիճան, չափազանց բարձրաստիճան մարդիկ չեն հասկանում, թե ինչու նա համաձայն չպետք է լիներ մանրամասն սիրելու ի՛ր հայրենիք վերադառնալ ժամանակավոր պահման խցի 72-ժամյա դռնով։

Հայրենիքը պարկ չէ, տուփ չէ, մակերես չէ, պարագիծ չէ, որ գաս ու տեղավորվես՝ ծավալիդ համապատասխան տիրույթում։

Մենք այստեղ ենք եւ լավ չենք հասկանում, թե մարդն ինչու է հրաժարվում պայմանական, շատ պայմանական օվացիաներից։

Երկիր ստեղծողը չի կարող նույն այդ երկրի կալանավորը լինել, եթե անգամ պահանջված է։

Ուրեմն այս պահին եւ ելման այս կետում Վանո Սիրադեղյանի մասին որեւէ բան ասելու համար պետք է լռել Վանո Սիրադեղյանի մասին։

Լռությունն այդ, սակայն, Վանո Սիրադեղյանի համար չէ։ Մեզ համար է։

Լռությունը քիչ է։ Պետք է կարկամել, պապանձվել, ներփակվել եւ մեկուսանալ ազգային-մարդկային-ներանձնական խոհի խորշում։

Գուցե այս օրը՝ եղերական այս երեկոն, մեզ առիթ տա վերադառնալու եւ դատվելու։ Դատվելու ինքնաքննության ամենաարդար դատաստանով։

aliqmedia.am

Նախորդ հոդվածըԼեւոն Զուրաբյան. Մարգարեական կանխատեսմամբ Վանոն զգուշացնում էր խաղաղության այլընտրանքի կործանարար հետեւանքների մասին
Հաջորդ հոդվածըՈչ ոքիներից հետո հաղթանակ տարավ Կարլսենը