‘
Տիգրան Պասկեւիչյանը Ֆեյսբուքում գրում է.
Վերջերս հաճախ է խոսվում ապագաղութացման մասին։ «Սասնա ծռեր»-ից Վարուժան Ավետիսյանն էլ ՊՊԾ գնդի տարածքը լքելուց առաջ արտաբերեց այդ բառը։
Հայաստանի ապագաղութացումը տեղի է ունեցել 1991-ին։ Չէ, ավելի ճշգրիտ՝ 1988-ի փետրվարի 20-ին սկսվել եւ ավարտվել է 1991-ի սեպտեմբերի 21-ին։ Վիճակը, որ կա այսօր, ոչ մի կապ չունի գաղութի կամ ապագաղութի հետ։ Դա 98-ի հաղթողական տաքգլուխ ինչ-որ բանի (կներեք՝ քաղաքականության) հետեւանքն է։
Եւ հիմա ապագաղութացման մասին խոսողներն ակամա արտագաղթի կոչ են անում՝ կամավոր եւ հույժ գիտակցված ջուր լցնելով նրանց ջրաղացին, ովքեր արտաբերում են «Հայաստանի նման երկիրը անկախ չի կարա ըլնի», «Թարգեք, ի՞նչ անկախություն, սկի Ամերիկան անկախ չի», «Անկախությունը մենակ թուրքի ատամի տակ ա ըլնում» ու մտքի այլ նմանատիպ գոհարներ։
Եթե մեկը սրանց ասի՝ դուրս եկեք ձեր բնակարանից, մենք ենք ապրելու այդտեղ, սրտի կաթված ստանալուց առաջ բողոքի ձայն կբարձրացնեն, թե՝ գիտեք, էս տունը հերս էր հետ գցել՝ ալյումինի զավոդի (ասենք՝ օրինակ) բանվորների անվերջ հերթում տարիներ սպասելով։ Արխիվների սեղան-աթոռները կմաշեն՝ քրքրելով ռայսովետ-քաղսովետների թղթապանակները ու կգնան մինչեւ արդարություն, մինչեւ անձի ու ընտանիքի հաղթանակ։
Ու չեն ասի «գաղութացում» «ապագաղութացում» բառերը։ Տան սեփականատիրությունը հիմնովին հաստատելուց հետո գուցե վաճառեն (սակարկելի) ու գնան կարմիր աստղի կամ կանաչ քարտի երկիրը՝ հեռվից հայրենիքի վախճանը կամ հարությունն անվրեպ կանխագուշակելու։
Հայաստանն անկախ ու ազատ երկիր է։ Եթե լավը չէ, մենք ենք քիչ սիրում։ Եթե հարմար չէ, մենք ենք հարմարվող։ Եթե սեփական տան համ ու հոտ չունի, մենք ենք տնանկ ու ընկեցիկ։
Հայաստանն անկախ ու ազատ երկիր է։ Սեպտեմբերի 21-ին տոնելու ենք մեր անկախության 25-րդ տարեդարձը։ Բան չմնաց, ընդամենը 26 օր։ Պետք է պատրաստվել։
‘