‘Տիգրան Սարգսյանը Յալթայում մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին ‘

363

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր Յալթայում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին, որում ընդգրկված էին ավելի քան երկու տասնյակ հարցեր: 

Կառավարության ղեկավարներն ընդունել են ԱՊՀ երկրների շրջանակներում տեղեկատվական հասարակության ստեղծման և զարգացման համար մինչև 2015 թվականը գործողությունների ծրագիրը: Նիստում անդրադարձ է եղել կապի բնագավառում ԱՊՀ երկրների հետ հնարավոր համագործակցության հեռանկարներին:
Ընդունվել է նաև 2012-2014 թվականների համար ԱՊՀ անդամ-երկրների ինովացիոն համագործակցության միջոցառումների համալիր ծրագիր:
Նեղ շրջանակում հանդիպման ժամանակ կառավարության ղեկավարները հավանություն են տվել Ուզբեկստանի միացմանն Ազատ առևտրի պայմանագրին, որի գործընթացը նախատեսվում է ավարտել մինջև տարեվերջ: Ստորագրվել է համատեղ հայտարարություն այն մասին, որ հինգ երկրներ, այդ թվում Հայաստանը, վավերացրել են ազատ առևտրի գոտու պայմանագիրը:
Վարչապետը մասնակցել է նաև «Յալթայի գործարար հանդիպումներ» բիզնես-ֆորումի շրջանակներում «Ներդրումային նոր հնարավորություններ և ԱՊՀ շրջանակներում տնտեսական համագործակցություն» թեմայով համաժողովին: 
Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, պաշտոնատար այլ անձինք:

 Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունը:

 

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ԱՊՀ վախճանի մասին խոսակցությունները անհիմն է համարում ‘
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ Վարչապետ. Բազմաթիվ հաջողակ ձեռներեցներ, այսպես կոչված` իմ մտերիմ շրջապատից չեն ‘