‘Տիգրան Սարգսյանը նորմալ է վերաբերում Կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացին’

631

Տիգրան Սարգսյանը նորմալ է վերաբերում Կառավարությանն անվստահություն հայտնելու` խորհրդարանական ընդդիմության մտադրությանը:

«Քաղաքական ուժերի իրավունքն է, քաղաքական պայքարի գործիք է, որն ընդունված է տարբեր երկրներում, եւ բնական է, որ մեր ընդդիմությունը պետք է օգտագործի այդ քաղաքական գործիքը: Բնական է, որ այդ գործիքը գտնվում է մեր ընդդիմախոսների զինանոցում, եւ երբ որ նրանք նպատակահարմար են գտնում այդ գործիքն օգտագործել իրենց քաղաքական պայքարի մարտավարությունից ելնելով, նրանք կարող են այդ գործիքից օգտվել: Դա նորմալ քաղաքական պայքարի ձեւ է», — լրագրողների հետ զրույցում ասաց Սարգսյանը:

Ինչ վերաբերում է Հրայր Թովմասյանի թույլ տված արտահայտությանը, ապա, վարչապետի խոսքով, այն էմոցիոնալ պատասխան էր:

Կարծում եմ, որ ճիշտ չէ էմոցիոնալ պատասխանի վրա կառուցել քաղաքական դեբատներ, նախապատրաստվել եւ ավելի կոշտուկոպիտ պատասխանել: Կարծում եմ, որ մենք պետք է համարենք հարթված այս միջադեպը եւ անել ամեն բան, որպեսզի երկխոսությունը լինի կոռեկտության շրջանակներում», — նշեց Սարգսյանը:  

Հիշեցնենք, որ լրագրողի հարցին` ինչպես է վերաբերում ոչիշխանական խմբակցությունների` Կառավարությանն անվստահություն հայտնելու մտադրությանը, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պատասխանել էր` «ղալաթ են անում»: Այնուհետեւ նախարարն արդարացել էր, թե իր արած արտահայտությունը արաբերենից է եւ նշանակում է` «սխալվում են»:

Ի պատասխան, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ԱԺ-ում հայտարարեց, որ եթե Թովմասյանը բառարանային մեջբերումներ է անում, ապա պետք է իրեն վերագրի այն բառը,որը թուրքերենից բառացիորեն թարգմանվում է որպես «ճեղքված» եւ ժողովրդի մեջ օգտագործվում ե վիրավորական իմաստով: 

Նախորդ հոդվածը‘Անիի և Արթիկի տարածաշրջաններում տեղում է առատ ձյուն և առկա է ուժեղ քամի’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 413.01 դրամ/դոլար’