‘Տիգրան Սարգսյանը տեղյակ չէ, թե ինչ է Մինսկում ստորագրել Սերժ Սարգսյանը’

1060

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ_ում վարչապետ Տիգրան Սարգսյանից բացատրություններ է պահանջել հոկտեմբերի 25-ին Մինսկում ստորագրված հուշագրի առնչությամբ, ըստ որի` Հայաստանը պարտավորվում է ձեռնպահ մնալ Մաքսային միության շահերին հակասող ցանկացած հայտարարությունից կամ գործողությունից:

«Շատ հետաքրքիր է, թե ով է որոշում`այս կամ այն գործողությունը համապատասխանում է արդյոք ՄՄ շահերին: Օրինակ` ՄՄ անդամ երկիր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հետ միասին իր ստորագրությունն է դրել վերջերս Գաբալայում թյուրքալեզու երկրների գագաթնաժողովի արդյունքների համաձայն հրապարակված հայտարարության ներքո: Այդ հայտարարությունում նշվել է, որ ղարաբաղյան հարցը վտանգ է ներկայացնում  Ադրբեջանի անվտանգության և տարածքային ամբողջականության համար»,- ասել է Զոհրաբյանը: Ի պատասխան Սարգսյանը նշել է, որ որևէ քաղաքական հայտարարություն չի կարող սահմանափակել Հայաստանի ղեկավարության լիազորությունները, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ: «Մենք ազատ ենք մեր գործողություններում և հայտարարություններում: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հարցին, ՀԱՊԿ կամ ՄՄ գծով մեր շատ գործընկերներ, ցավոք, չեն պահպանում ավելի վաղ ձեռք բերված քաղաքական պայմանավորվածությունները` ընդունելով Հայաստանի շահերին չհամապատասխանող որշոշումներ»,- հայտարարել է Սարգսյանը:

Ինչ վերաբերում է Մինսկում ստորագրված հուշագրին, Սարգսյանի խոսքով, ինքը մանրամասն կծանոթանա այդ փաստաթղթին և լրացուցիչ պարզաբանումներ կտա:

Նախորդ հոդվածը‘Ջհանգիրյան. Օրինաստեղծ գործունեություն ավելի շատ վարում է ոչ թե ԱԺ-ն, այլ գործադիրը ‘
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Ո՞վ են սրանք, ո՞ւմ հացին են յուղ քսում ‘