‘Տիգրան Սարգսյանի արկածները` 2013-ին. Համառոտ ամփոփում ‘

1020

2013 թվականն ամփոփելիս, թերեւս, արժե առանձնահատուկ ուշադրություն դարձնել նաեւ այն պաշտոնյաներին, ովքեր ինչպես եւ նախկինում, այս տարի եւս հայտնվել են սկանդալների կիզակետում, կատարելապես ձախողել են իրենց «վստահված» ոլորտը: Սերժ Սարգսյանն, անշուշտ, այստեղ, ինչպես ամենուր, առաջատարն է, իսկ նրա ենթակայության տակ աշխատողներից յուրաքանչյուր «պատասխանատու» էլ կարող է հայտնվել ամենաձախողվածների ցանկում՝ առանձին-առանձին: Սակայն, այս ցանկում, Սերժ Սարգսյանին զուգահեռ, հատկապես առանձնանում է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Եթե մեկ բառով բնութագրելու լինեինք նրա գործունեությունն ընդհանրապես, եւ այս տարվանը մասնավորապես, ապա այլ բան, քան կատարյալ ձախողում, անվանելն անհնար կլիներ:

Մարդ, ով ըստ էության, ջարդի ենթարկեց փոքր ու միջին բիզնեսը, մարդ, ով  ծնկի բերեց Հայաստանի տնտեսությունը, մարդ, ով իր սեփական բերանով խոստովանեց, որ իրենց թիմը ամեն ինչ անում է վտանգավոր արտագաղթն ուժգնացնելու համար, մարդ, ով աչքի ընկավ օֆշորային սկանդալներով:

Կարճ ասած՝ պաշտոնյա-ձախողում: Պաշտոնյա-ցինիզմ: Մարդ, ով ինքնասիրություն ունենալու պարագայում վաղուց հրաժարական պետք է ներկայացրած լիներ, ու չնայած, մինչ այժմ ինքն այդ քայլը չի արել, դա դեռ չի նշանակում, որ իր բոլոր արած-չարածների համար ինքը պատասխանատվության չի ենթարկվելու:

Ճիշտ այնպես, ինչպես եւ իր թիմի մյուս ներկայացուցիչները:

2013-ի մարտին հայտնի դարձավ, որ Տիգրան Սարգսյանի և նրա տիկնոջ համար 2012թ.-ը` ի տարբերություն երկրի բնակչության գերակշռող մասի, ֆինանսական առումով բավականին հաջող է եղել: Ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով 2012թ.-ի համար գույքի և եկամուտների ներկայացրած հայտարարագրերի, Տ.Սարգսյանի դրամական միջոցները 2012-ի տարեսզբին եղել են 35 մլն դրամ և 859 հազար ԱՄՆ դոլար, տարեվերջին` 12 մլն 674 հազար դրամ և 920 հազար 823 ԱՄՆ դոլար: 2011-ի տարեսկզբին նրա դրամական միջոցները հայտարարագրված են եղել 23 մլն դրամ և 778 հազար ԱՄՆ դոլար: Իսկ վարչապետ տնային տնտեսուհի կինը 2012-ի տարեսկզբին հայտարարագրել է 15 մլն դրամ և 128 հազար 920 ԱՄՆ դոլար, տարեվերջին` 138 հազար 734 ԱՄՆ դոլար:  

Տիգրան Սարգսյանի անվան հետ կապված հաջորդ աղմկոտ պատմությունն իրեն սպասեցնել չտվեց. նույն մարտ ամսին հայտնի դարձավ, որ նախորդ տարվա ընթացքում վարչապետի «բարձր հովանու ներքո» ձեռք բերված, ընդհանուր 124 միլիոն դրամ արժողությամբ բիոզուգարանները… չեն գործում

2013-ի մայիսի 8-ին Սերժ Սարգսյանի հրամանով Տիգրան Սարգսյանը վերանշանակվեց վարչապետի պաշտոնում: Այս առիթով «Թրանսփարենսի ինտերնեշնլ» հակակոռուպցիոն կազմակերպությունը հանդես եկավ հայտարարությամբ, նշելով, որ 2008թ.-ից Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման տարիներին երկրում էլ ավելի խորացավ աղքատությունը, և ահագնացող չափերի հասան արտագաղթի ծավալները:

Նույն` մայիս ամսին կրկին ակտիվացավ տարիներ շարունակ չարկչրկվող գազի գնի թեման, եւ, թեեւ ընդամենը երկու ամիս առաջ Տիգրան Սարգսյանի նախագահը հայտարարել էր, որ «գազի թանկացման մասին խոսակցությունները հերյուրանք են», արդեն մայիսին վարչապետը «միջոցներ էր ձեռնարկում` չեզոքացնելու գազի գնի բարձրացման հետեւանքները ազգաբնակչության վրա»: Մասնավորապես, մայիսի 18-ին Սարգսյանը նամակ հղեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին` տեղեկացնելով, որ Կառավարությունը սուբսիդավորելու է գազի գինը (բնականաբար, առանց նշելու, որ «սուբսիդավորումը տեղի է ունենալու հարկատուների վճարումներից ձեւավորվող բյուջեից, այսինքն` «ազգաբնակչության» հաշվին»): Այդ հետո, արդեն տարեմուտին հայտնի դարձավ, որ կառավարությունը, սուբսիդավորելով գազի թանկացումը, անտանելի պարտքերի մեջ է թաղվել ($300 մլն), եւ ստիպված է գազ մատակարարող երկրին վաճառել երկրի սսեփականությունը:  

Սակայն վարչապետի անվան հետ կապված հիմնական սկանդալը պայթեց մայիսի վերջին, երբ «Հետք» էլեկտրոնային պարբերականն իր հետաքննությամբ բացահայտեց, որ Տիգրան Սարգսյանը, ՀԱԵ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի եւ գործարար Աշոտ Սուքիասյանի հետ միասին Կիպրոսում օֆշորային հաշիվներ են բացել, խաբեությամբ գործարար Փայլակ Հայրապետյանից խլել նրա ունեցվածքը եւ փոխանցել հաշվի համարին: 

Թեեւ Սարգսյանն այս հրապարակումից հետո Ազգային ժողովի բարձր ամբիոնից որպես փողերի լվացման դեմ պայքարի գիտակ վստահեցրեց, որ օֆշորային գոտում հաշիվ բացելով փող չեն լվում, եւ առհասարակ, կարելի է առանց անձի իմացության հաշիվներ բացել, օրեր անց Կիպրոսի գլխավոր դատախազ, խորհրդանշական ազգանուն կրող Պետրոս Կլերիդիսը հայտարարեց, որ ամեն ինչ էլ հնարավոր է օֆշորային կղզում: Պատմությունն առայսօր քննվում ու քննվում է, իշխանություններն էլ իբր չեն կարողանում գտնել հարցերի պատասխանները:

Հոկտեմբերին հայտնի դարձավ, որ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ ՀՀԿ-ական պատվիրակությունը չարտերային չվերթով մեկնել են Բրյուսել` մասնակցելու ԵԺԿ գագաթնաժողովին: Այդ չարտերային չվերթը Հայաստանի հարկատուների վրա նստել է 31,5 մլն դրամ:

Մեկ այլ սկանդալ` մեկ ամիս անց: Արդեն ԱԺ-ում: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ դիմեց Սարգսյանին, «Օ՜ կառավարություն՝ միթե՞ հնարավոր չէ այդ 200 մլն-ը, հետաձգելով ֆասադի և տանիքների վերանորոգումը, տալ երեխաներին, մանուկներին, հիվանդներին: Ի պատասխան՝ Տիգրան Սարգսյանը պատասխանեց. «Հնարավոր է»: Տիգրան Ուրիխանյանն էլ հետաքրքվեց՝ թե կփոխանցե՞ն այդ գումարները, որպեսզի վերանորոգվեն այդ հիմնարկներն այս տարվա բյուջեով: «Ոչ»,- պատասխանեց Տիգրան Սարգսյանը: Վարչապետի ցինիկ պատասխանը քննարկումների առարկա էր դարձել:

Հետո էլի ԱԺ-ում պարզվեց, որ Տիգրան Սարգսյանը չի կարդում այն փաստաթղթերը, որոնք ինքը ստորագրում է: Նոյեմբերին ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Տիգրան Սարգսյանին ուղղված հարցում հիշեցրել է Մինսկում Սերժ Սարգսյանի կողմից ստորագրած փաստաթուղթը, համաձայն որի` Հայաստանը պարտավորվում է Մաքսային միության շահերին հակասող հայտարարություն չանել: Զոհրաբյանը հարցրել է կառավարությանը՝ ո՞վ եւ ինչպե՞ս է որոշելու, թե Հայաստանի ո՞ր հայտարարությունն է հակասում Մաքսային միության շահերին, եւ, ընդհանրապես, ո՞րն է Մաքսային միության շահը։ Վարչապետը փորձել է ընդհանրական պատասխաններ տալ: Իսկ երբ պատգամավորը հայտարարել է, թե իր հարցի պատասխանն ինքը չստացավ, Տ.Սարգսյանը հարցրել է. «Նման հայտարարություն ո՞ր փաստաթղթում է առկա»։ «Մինսկում, Սերժ Սարգսյանի կողմից ստորագրված փաստաթղթում»,- պարզաբանել է Ն.Զոհրաբյանը: «Ես կծանոթանամ այդ ամբողջական փաստաթղթի հետ, որի վրա դուք հղում եք կատարում և կտամ ձեզ լրացուցիչ պարզաբանումներ»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ հուշագիրը, որի մասին հարցրել է ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը, Երեւանում ստորագրվել է նույն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից: Ասել է թե` Տիգրան Սարգսյանը իր իսկ բերանով խոստովանել է, որ չի կարդում այն փաստաթղթերը, որոնք ստորագրում է:

Դե, իսկ դեկտեմբերը այծի պանիրը բրենդ դարձրած ու հայկական գիտելիքահեն աշխարհը արարած Սարգսյանը սկսեց հումորով. Կառավարությունում տեղի ունեցած վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը, սկսվել է հայկական արտադրության առաջին պլանշետի (Armtab) և առաջին հեռախոսի (Armphone) ներկայացմամբ:

Հումորով մարդիկ առաջարկեցին հայկական պլանշետի իրենց տարբերակը` iՏանձը:

 

 

Նախորդ հոդվածը‘Աշխարհի պետությունների վարկանշային աղյուսակում առաջինը Կանադան է. Forbes’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’