‘Տիգրան Սարգսյանի դասախոսությունը՝ «Պրոգրեսիվ կառավարությունն ընդդեմ գաղջ մթնոլորտի» թեմայով’

946

Հասարակությունը պետք է վերահսկի, որ իշխանական լծակները և ֆինանսական միջոցների տիրապետումը չօգտագործվեն ի շահ անձի: Հասարակությունը պետք է վստահ լինի, որ կառավարության կայացրած որոշումները տրամաբանական են, որ իր կարծիքի հետ հաշվի են նստում:

Այսօր Բաց կառավարման գործընկերության համաժողովին հայտարարեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա խոսում էր քաղաքացիական հասարակության կայացման անհրաժեշտության մասին: 

Նրա խոսքով՝ իշխանության ներկայացուցիչներչը հասարակության հետ շփումներում պետք է պահպանեն պրոֆեսիոնալիզմը, ինչը, ըստ նրա, մեզանում հաճախ պակասում է: Պրոֆեսիոնալիզմի պակասի մեջ Տիգրան Սարգսյանը մեղադրեց նաեւ լրատվամիջոցներին, որոնք «առանց զտելու»՝ սենսացիոն տեղեկատվություն են հաղորդում, եւ օրվա լրահոսը արդյունքում հեղեղվում է նեգատիվությամբ՝ հասարակության շրջանում առաջացնելով դժգոհություն եւ հիասթափություն: «Իսկ այս երեւույթները կասեցնում են կառավարության ջանքերով ընթացող ռեֆորմների բնականոն ընթացքը», — հավելեց Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը հայտարարեց նաեւ, որ Հայաստանը գտնվում է ամենաթափանցիկ բյուջե ունեցող երկրների հնգյակում:

«Հաճախ խոսվում է միջոցների փոշիացման մասին, սակայն բացակայում է դրա ապացուցողական մասը: Բայց դա ևս պրոֆեսիոնալիզմի հարց է: Ցավով եմ նշում նման պրոֆեսիոնալ, պատասխանատու դրսևորումների բացակայությունը: Եթե մենք չփոխենք մեր խաղի կանոնները, մենք կապրենք՝ ինչպես երեկ», — ամփոփեց Տիգրան Սարգսյանը:  

Նախորդ հոդվածը‘Իբրահիմովիչը նորից «աչքի է ընկել»’
Հաջորդ հոդվածը‘Թաքսիմ հրապարակը հայկական «Ֆոտոլուր» գործակալության ֆոտոթղթակիցների աչքերով (ֆոտոշարք)’