‘Տիգրան Սարգսյանի ռուսական ռուլետկան’

1805

Ինչպես և սպասվում էր, կառավարություն-Վերահսկիչ պալատ առճակատումն աստիճանաբար ավելի ու ավելի կատաղի տեսք է ստանում։ Տիգրան Սարգսյանի թիմն անցել է լայնամասշտաբ հակագրոհի։ Ընդ որում՝ եթե մեկ-երկու շաբաթ առաջ ընդամենը զգուշավոր կարծիքներ էին հնչում, թե Վերահսկիչ պալատը մի թեթև խտացրել է գույները, հիմա տոնայնությունը փոխվել Է։

Հանրապետական պատգամավոր Արտակ Դավթյանն, օրինակ, բացահայտորեն հայտարարում է, թե ՎՊ-ն միտումնավոր խեղաթյուրել է փաստերը, էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը ՎՊ-ին մեղադրում է սկսնակ գործարարների մեջ պետության հանդեպ վախ և անվստահություն սերմանելու մեջ, նաև սպառնալիքներ են հնչում, թե այս թեման շարունակություն կունենա դատախազության ձեռնարկած քայլերից հետո (այսինքն՝ եթե դատախազությունն այդ փաստերը չհաստատի, ՎՊ նախագահը պիտի պատժվի) և այլն։

Այս ամենը հասկանալի է, բայց Տիգրան Սարգսյանի թևն այլ ուղղությամբ էլ է հակագրոհում։ Նրա նկատմամբ կասկածելիորեն լոյալ լրատվամիջոցներն, օրինակ, ակտիվորեն շրջանառության մեջ են դնում այն թեզը, թե այս ամենը դրսից է կազմակերպված։ Գաղափարը հետևյալն է. Ռուսաստանն ուզում է Հայաստանին զոռով քարշ տալ Եվրասիակսւն միություն, «արևմտամետ» Տիգրան Սարգսյանը դիմադրում է, դրա համար էլ «ռուսամնտ» ուժերն օֆշորային սկանդալ են բացահայտում, Վերահսկիչ պալատի միջոցով աննախադեպ բացահայտումներ են կազմակերպում և այլն։

Այդպես է դա, թե ոչ՝ մեզ, ճիշտն ասած, առանձնապես չի հետաքրքրում։ Ինչ նշանակություն ունի, թե ով է հրահրել այդ բացահայտումները։ Շատ ավելի կարևոր է՝ համապատասխանո՞ւմ են դրանք իրականությանը, թե ոչ։ Իսկ այս հարցում երկու կարծիք լինել չի կարող։ Ո՞վ չգիտի, որ այս իշխանությունները թալանում են` ով ինչքան կարողանում է: Վերջին հաշվով՝ եթե մեկի տունը գող է մտնում, հարևաններն ահազանգում են, ու ոստիկանները գալիս-բռնում են գողին, արդեն կարևոր չէ, թե հատկապես որ հարևանն է զանգել ոստիկանություն, ինչ նպատակով է զանգել, ազնի՞վ մարդ է, թե ոչ և այլն: Կարևորը փաստն է՝ գողը բռնվել է հանցանքի վայրում և պիտի համապատասխան պատիժ կրի: Հիմա Տիգրան Սարգսյանի օֆշորային մեքենայությունները բացահայտվել են: Վերահսկիչ պալատը խայտառակ փաստեր է հայտնաբերել, իսկ սրանք, հերքելու փոխարեն, միջազգային դավադրություններ են բացահայտում: Նպատակն էլ հասկանալի է. հասարակության մեջ պիտի կամաց-կամաց արմատավորվի այն գիտակցությունը, թե ով խոսում է Տիգրան Սարգսյանի ու նրա կառավարության հանցագործությունների մասին՝ դրանով իսկ դեմ է գնում Հայաստանի ինքնիշխանությանը և «ջուր է լցնում ռուսական կայսերապաշտության ջրաղացին»: Մենք ասում ենք՝ այ մարդ, ի՞նչ կայսերապաշտություն, ի՞նչ ջրաղաց, ի՞նչ հիդրոտուրբին, հանցագործը կա, հանցագործությունը կա, բռնեք-պատժեք: Սրանք՝ չէ որ չէ, դա կխոչընդոտի Հայաստանի եվրաինտեգրման գործընթացը: Փաստորեն՝ Տիգրան Սարգսյանը Հայաստանի իշխանության խորհրդանիշն է: Նավասարդ Կճոյանն էլ երևի արևմտյան արժեհամակարգի կրողն է, իսկ զույգ բիոզուգարանները՝ մեր կենարար ուղենիշները եվրաինտեգրման տատասկոտ ճանապարհին:

Հայաստանի համար սա, ի դեպ, նորություն չէ: Ընդհանուր սկզբունքը նկատի ունենք: Մեկը խոսում է գեներալիտետի հանցագործությունների մասին՝ անմիջապես չորս կողմից վրա են տալիս, թե դրանով վնաս է հասցվում բանակի մարտունակությանը, մի ուրիշը պահանջում է պատժել կոնկրետ հանցանք կատարածին՝ չորս կողմից հարձակվում են, թե էս ի՞նչ եք ասում, այդ մարդը մեծ ներդրում ունի ղարաբաղյան ազատամարտում: Այսինքն՝ հանցագործներին պատժելու պահանջը դառնում է ազգային դավաճանության նման մի բան, պահանջողներն էլ՝ համապատասխանաբար, ազգի դավաճաններ:

Հիմա այս հնարքից օգտվելու հերթը «արևմտամետ» Տիգրան Սարգսյանինն է: Ոչինչ, որ նույն Արևմուտքում օֆշորային սկանդալի մեջ հայտնված վարչապետը կես ժամ էլ չէր մնա իր պաշտոնին: Եվ ընդհանրապես՝ ի՞նչ նշանակություն ունի, որ նրան վարչապետ նշանակած մարդն է ռուսական հատուկ ծառայությունների մեդալով պարգևատրվել ու «ոտի վրա» երկարաձգել Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղաբաշխման պայմանագիրը: Կարևորը՝ որ ինչ-որ պատճառով արգելվի իշխանությունների հանցագործությունների բացահայտումը: Այս պահին ամենահարմարը ռուսական «ատմազկան» է՝ դա են օգտագործում: Մնացածը հեքիաթի ժանրից է:

Մարկ Նշանյան
«Չորրորդ ինքնիշխանություն»

 

Նախորդ հոդվածը‘Բրազիլիա-Ուրուգվայ խաղից առաջ 100 հազ. մարդ փողոց դուրս կգա’
Հաջորդ հոդվածը‘Թալեա՞թն է սպանել օսմանյան թագաժառանգին՝ Հայոց ցեղասպանությանն ընդդիմանալու համար’