‘Տիգրան Սարգսյան. ԼՂ հարցը ուժի կիրառմամբ լուծելու փորձ անողը պետք է միջազգային պատիժ կրի ‘

955

ԼՂ հակամարտությունն ուժի կիրառմամբ լուծելու փորձ անող պետության հանդեպ պետք է կիրառվեն միջազգային հստակ պատժամիջոցներ:

Այս մասին կառավարությունում Լեհաստանի, Շվեդիայի եւ Բուլղարիայի ԱԳ նախարարների հետ հանդիպման ժամանակ ուրբաթ հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Կառավարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ նշելով, որ Հայաստանի նպատակը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խնդրի խաղաղ կարգավորումն է՝ Սարգսյանը շեշտել է, որ Ադրբեջանը պատրաստ չէ կառուցողական բանակցությունների և գնում է դրանց վիժեցման ճանապարհով:

Կառավարության ղեկավարը փաստել է, որ այդ երկրի իշխանությունները շարունակում են սպառազինման քաղաքականությունը և սեփական հանրությանը նախապատրաստում պատերազմի: 

«Այդ հարցում միջազգային հանրությունը պետք է հայտնի իր հստակ դիրքորոշումը և այն արտացոլի միջազգային որևէ փաստաթղթում: Դրանով պետք է ամրագրվի, որ ԼՂ հակամարտությունն ուժի կիրառմամբ լուծելու քայլեր կատարող պետության հանդեպ կկիրառվեն միջազգային հստակ պատժամիջոցներ»,- նշել է Տիգրան Սարգսյանը: 

Հանդիպման ընթացքում կոմերն անդրադարձել են այլ հարցերի եւս: Մասնավորապես, Խոսելով Հայաստանում կայանալիք առաջիկա նախագահական ընտրությունների մասին՝ եվրոպական երեք երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարևորել են դրանց թափանցիկության ապահովումը և բարձր մակարդակով անցկացումը: 
Տիգրան Սարգսյանը հավաստիացրել է, որ Հայաստանի իշխանություններն ունեն կամք և նպատակ՝ անցկացնելու միջազգային նորմերին համապատասխան ժողովրդավարական ընտրություններ: 

 

 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանն ընդունում է՝ Հայաստանի զարգացումը հնարավոր չէ առանց արմատական քայլերի ‘
Հաջորդ հոդվածը‘2012թ. աշխարհի խորհրդանշական հավաքականը. World Soccer’