‘
ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարագային հարցերին անցնելուց առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներողություն է խնդրել կենսաթոշակառուների օգոստոս ամսվա թոշակներն ուշացնելու համար:
Նրա խոսքերով՝ ցուցակները ժամանակին տեղ չհասնելու պատճառով է, որ օգոստոսի 4-5-ը մոտ 1400 թոշակառուները «Հայփոստի» բաժանմունքներից կենսաթոշակներ ստանալիս խնդիրներ են ունեցել:
«Դեռևս ներքին դիմադրություն է նկատվում այս բնագավառում արմատական փոփոխությունների նոր համակարգի ներդրման նկատմամբ։ Առաջին անգամ է, որ թոշակները վճարվում էին էլեկտրոնային տվյալների բազայի հիման վրա: Շատերին դա դուր չի գալիս։ Նրանք ուզում են ցույց տալ, որ պետք է զուգահեռաբար նաև թղթային տարբերակով վճարվեն: Կան մարդիկ, ովքեր դեռևս փորձում են հին մեթոդներով, անօրինական ձևով փող վաստակել», — նշել է վարչապետը:
Նա խոստացել է սեպտեմբերին ներկայացնել այս բնագավառում արձանագրված չարաշահումները և փող աշխատելու համար օգտագործված եղանակները։ Բնականաբար, ենթադրվում է, որ Տիգրան Սարգսյանը, ով հայտնի է նաեւ Օֆշորի Տիգրան անունով, այդ անօրինական փող աշխատողների ցանկում իր անունը չի տեսնում: Ըստ երեւույթին, ինքը անօրինական գումարը վաղուց արդեն ոչ թե հին, այլ նոր մեթոդներով է աշխատում:
‘