‘
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, պարզվում է, միշտ էլ կողմ է եղել Մաքսային միությանն անդամակցությանը, միայն թե Հայաստանին մինչեւ սեպտեմբերի 3-ն այնտեղ ոչ ոք չէր հրավիրում:
Այս մասին Սարգսյանը հայտարարել է «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում` Մոսկվայից Երեւան վերադառնալու ճանապարհին:
«Մեզ երբեք չեն հրավիրել Մաքսային միություն: Ավելին, մենք երբեք դեմ չենք եղել Մաքսային միությանը անդամակցելուն, այլ մենք ունեցել ենք ընդհանուր ընկալում այն մասին, որ սահմանի բացակայությունը լուրջ խոչընդոտ է», — ասել է ՀՀ վարչապետը:
Տիգրան Սարգսյանը, որը մինչեւ սեպտեմբերի 3-ը գովազդում էր ԵՄ հետ ասոցիացիայի դեպքում Հայաստանին սպասող տնտեսական փայլուն հեռանկարը, Մոսկվայից վերադառնալիս արդեն նշում է, որ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը գալիք 20 տարիների կտրվածքով լուրջ հետեւանքներ կունենա Հայաստանի տնտեսության համար:
«Նոր ինտեգրացիոն գործընթացները նոր տնտեսական միջավայր կստեղծեն, ինչը լուրջ տնտեսական օգուտներ կբերի Հայաստանին: Իսկ այս ամենից դուրս մնալով՝ ոչ միայն կկորցնեինք ներուժը, այլեւ լուրջ խոչընդոտներ կունենայինք», — ասել է Սարգսյանը:
Ինչ վերաբերում է եվրաինտեգրացիայի հեռանկարին, որի ջատագովը մինչեւ վերջերս ներկայանում էր Տիգրան Սարգսյանը, ապա, նրա խոսքով, Ռուսաստանը դեմ չէ, որպեսզի Հայաստանը փորձի խորացնել հարաբերությունները Եվրոպայի հետ, «այդ թվում նաեւ` Ասոցացման համաձայնագրի շրջանակներում:
‘