‘Տիգրան Վ. Մարտիրոսյան. Իմ դաստիարակությունն էլ թույլ չի տալիս՝ ինչ-որ մարդկանց մեղադրել’

2152

Գյումրեցի 29-ամյա ծանրորդ Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը տարիներ առաջ Հայաստանի ուժեղագույն ծանրորդներից մեկն էր, սակայն արդեն 2.5 տարի է՝ ասպարեզ դուրս չի գալիս: 2008թ. Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը, ով նույն թվականին դարձավ նաև Եվրոպայի չեմպիոն, armsport.am-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է ավարտել կարիերան:

— 2010թ. Աշխարհի առաջնությունում ունեցած անհաջող ելույթից հետո Ձեզ ասպարեզում չենք տեսնում: Ո՞րն է պատճառը:
— 2009թ. ստացած վնասվածքից հետո ես ոչ լիարժեք բուժում ստացա, որն էլ հանգեցրեց նրան, որ աստիճանաբար ավարտեմ կարիերաս:

Իսկ ո՞րն էր պատճառը, որ համապատասխան բուժում չեղավ:
— Ես ունեմ ճողվածք (գրիժա), որը թույլ չտվեց շարունակել կարիերաս: Չեմ կարող ասել, թե ինչու չեղավ համապատասխան բուժում:

Դուք 2006-08թթ. բավական հաջող ելույթներ եք ունեցել, դարձել եք Օլիմպիական խաղերի մրցանակակիր և, տարօրինակ է, որ նման անհասկանալի պատճառներով եք թողել սպորտը: Մի՞թե ծանրամարտի ֆեդերացիայի ղեկավարները որևէ բացատրություն չեն տվել Ձեզ, թե ինչու չեն ապահովում վերականգնվելու համար անհրաժեշտ միջոցները:
— Ես որևէ բացատրություն չեմ ստացել և չգիտեմ որևէ կոնկրետ պատճառ, որի մասին այժմ խոսեմ: Չեմ էլ ցանկանում ենթադրություններ անել: Անձնական հարաբերություններս էլ դասավորում եմ այնպես, որ մարդիկ ինձ հետ շփվելուց հակակրանք չունենան: Իմ դաստիարակությունն էլ թույլ չի տալիս՝ ինչ-որ մարդկանց մեղադրել, կամ այս ամենը բարդել նրանց վրա: Ես, իրոք, չեմ կարող հստակ պատճառ ասել:

Սպորտում վնասվածքներն անխուսափելի են, սակայն վերջին տարիներին հայ ծանրորդների մոտ վնասվածքները չափից շատ են: Հնարավո՞ր է, որ այս ամենն ունի ընդհանուր պատճառ:
— Չեմ կարծում, քանի որ սպորտը շատ անկանխատեսելի և անվերահսկելի է: Տասնյակ տարիների ծանրաբեռնվածությունը մի օր պետք է ինչ-որ կերպ անդրադառնա: Իհարկե, հնարավոր է, որ վնասվածքին ճիշտ լուծում չտալու պատճառով խնդիրը խորանա:
Պարզապես այսօր բժշկությունն ավելի է զարգացել, կան այնպիսի բուժհաստատություններ, որտեղ հնարավոր է վնասվածքներն արագորեն ապաքինել և մարզիկին վերադարձնել շարք:

Իսկ ինչո՞վ եք զբաղված ներկայումս:
— Առանձնապես ոչնչով: Ոչ պրոֆեսիոնալ մարզումներ եմ կատարում՝ զուտ առոջությանս համար:

Հնարավո՞ր է՝ անցնեք մարզչական աշխատանքի:
— Այս պահին նման պատկերացում չունեմ:

Գյումրին համարվում է հայկական ծանրամարտի գլխավոր դարբնոցը:Ներկայումս պայմանները բավարա՞ր են պատանի ծանրորդների համար, ովքեր նոր են մտնում պրոֆեսիոնալ սպորտ:
— Եթե համեմատենք այն ժամանակվա պայմանների հետ, երբ մենք էինք սկսում ծանրամարտով զբաղվել, ապա պայմանները շատ ավելի լավն են, քանի որ 90-ականներին մենք մարզվում էինք մոմի լույսի ներքո: Բայց Գյումրին լավ ավանդույթներ ունի և միայն պայմաններից չէ կախված հաջողությունը: Գյումրիում մի լուսահոգի նկարիչ կար, ով ասում էր. «Գյումրիում արվեստագետներ և չեմպիոնները ռեժիմով են ծնվում»: Ես համոզված եմ, որ ժամանակի ընթացքում Գյումրիում սպորտն ավելի է կատարելագործվելու, և մարզիկներն ավելի լավ արդյունքներ են ունենալու:

Ապրիլին կայանալու է Եվրոպայի 2013թ. առաջնությունը: Ի՞նչ սպասելիքներ ունեք Հայաստանի հավաքականից:
— Երբ որ հավաքականի կազմը հայտնի դառնա, այն ժամանակ կկարողանամ ավելի հստակ խոսել սպասելիքներից: Այս պահին դժվարանում եմ:

Նախորդ հոդվածը‘Սիրիայի ԱԳՆ. Դամասկոսում ահաբեկչության պատասխանատուն «Ալ-Քաիդայի» հետ կապ ունեցող խմբավորումներն են’
Հաջորդ հոդվածը‘Ուղիղ միացում Ազատության հրապարակից’