Բելառուսի ընդդիմության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան Վաշինգտոնում հանդիպումներ է ունենում ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Տիխանովսկայան հայտարարել է, որ բանակցությունների ընթացքում ինքը մտադիր է աշխարհի առաջնորդներին կոչ անել իրական գործողությունների դիմել Բելառուսի նկատմամբ, այլ ոչ թե միայն հռչակագրեր ընդունել։ Դրա համար նա ուզում է ամերիկյան իշխանություններին առաջարկել նոր պատժամիջոցներ սահմանել բելառուսական իշխանությունների դեմ, ինչպես նաև քննարկել Մինսկում իշխանության գործողություններից տուժած ակտիվիստներին և լրագրողներին աջակցելու հնարավորությունները։
Երկուշաբթի օրը պետքարտուղարության հրավերով ԱՄՆ ժամանած Տիխանովսկայան հանդիպել է պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի և արտաքին քաղաքական գերատեսչության խորհրդական Դերեկ Շոլլեի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Նրա ներկայությունը նախատեսված չէր դիվանագիտական արարողակարգով, այնպես որ բելառուսկան ընդդիմության ղեկավարի հետ զրույցը կարճ է եղել։
«Նրանք անդրադարձել են այժմ Լուկաշենկոյի ռեժիմի կողմից կիրառվող կոշտ միջոցները դադարեցնելու, ինչպես նաև քաղբանտարկյալներին անհապաղ ազատ արձակելու, քաղաքական երկխոսություն սկսելու և միջազգային վերահսկողությամբ նոր նախագահական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությանը»,- ասվում է պետքարտուղարության հաղորդագրության մեջ։
Փոխանցում է euronews-ը։