Եվրամիության երկրների հետ Բելառուսի սահմանին միգրացիոն ճգնաժամը կարգավորելու համար անհրաժեշտ է վերացնել այդ ճգնաժամի սկզբնապատճառը, հայտարարել է բելառուսական դեմոկրատական ուժերի առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան՝ շեշտելով, որ ներկա սրացումը քաղաքական ճգնաժամի հետևանքն է, ինչը սկսվել է անցյալ տարվա նախագահական ընտրություններից հետո։
«Հումանիտար ճգնաժամը մի քիչ տեղափոխել է ուշադրության կիզակետը քաղաքական ճգնաժամից։ Բանտերում, նախկինի պես, հազարավոր մարդիկ պահվում են անտանելի պայմաններում, պարզապես՝ նկարներ չկան, հենվելու բան չկա, ու դա, չգիտես ինչու, կամաց-կամաց մոռացության է տրվում։ Սակայն Բելառուսում առանց քաղաքական ճգնաժամը կարգավորելու, դիկտատուրայի ճգնաժամը լուծելու՝ մենք միգրացիոն հարցը լուծել չենք կարող։ Որովհետև ռեժիմը մեկ այլ բան կմտածի։ Այսինքն՝ հարկավոր է բուժել բուն հիվանդությունը, այլ ոչ թե դրա ախտանշանները»,- հայտարարել է Տիխանովսկայան։
Բելառուսի նախագահի նախկին թեկնածուի կարծիքով՝ ճգնաժամի հաղթահարման հարցում ավելի կառուցողական դեր կարող է խաղալ Մոսկվան, որն ավանդաբար պաշտպանում է Ալեքսանդր Լուկաշենկոյին և կարող է ազդել նրա վրա։
«Մենք ապացույցներ չունենք, որ Կրեմլն ինչ-որ կերպ մասնակցում է դրան։ Բայց առնվազն՝ նրանք հանգիստ հետևում են, թե ինչ է կատարվում։ Իհարկե, Ռուսաստանը կարող է կառուցողական դեր խաղալ միգրացիոն և քաղաքական ճգնաժամերի հաղթահարման հարցում՝ որպես միջնոդներից մեկը ռեժիմի և Բելառուսի դեմոկրատական հանրության միջև»,- ասել է Տիխանովսկայան։
Փոխանցում է euronews-ը։
