‘Տիմոշենկոն անիմաստ է համարում բանակցությունները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ‘

719

Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, թե չի հավատում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների հաջողությանը: Այդ մասին ասվում է նրա հայտարարության մեջ, որը երեկ՝ մարտի 2-ին, հրապարակվել է կուսակցության կայքում: Ըստ Տիմոշենկոյի՝ երկու երկրների միջև բանակցությունները չեն կարող արդյունավետ լինել, քանի որ Ռուսաստանի հիմնական նպատակը Ուկրաինայի «կատարյալ կապիտուլացումն» է: Նախկին վարչապետի կարծիքով՝ Ռուսաստանի Դաշնության ռազմական ագրեսիայի պատճառն այն է, որ «եվրոպական հեղափոխության» շնորհիվ Ուկրաինան ազատություն և անկախություն է նվաճել Ռուսաստանին ենթարկվող Յանուկովիչի իշխանությունից: Տիմոշենկոյի խոսքով՝ Ռուսաստանի իշխանություններն ուզում են «Ուկրաինան յուրացնել զենքի ուժով», ինչպես նաև՝ երկրում իրականացնել ռազմական հեղաշրջում և վերադարձնել բռնապետությունը:

Ավելի վաղ՝ մարտի 2-ին, Գերագույն ռադան առաջարկել էր ստեղծել բանակցային խումբ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով: Ուկրաինական ԶԼՄ-ները գրել էին, թե Տիմոշենկոն կմեկնի Մոսկվա՝ բանակցությունների, և նրան կուղեկցեն Ուկրաինայի նոր վարչապետ Արսենի Յացենյուկը և ժամանակավոր նախագահ Ալեքսանդր Տուրչինովը: Սակայն ավելի ուշ Տիմոշենկոն հերքել է բանակցություններին մասնակցելու լուրը, փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի դեվալվացիան 2014 թ. փետրվարին կազմել է 1 տոկոս’
Հաջորդ հոդվածը‘Ավետ Պողոսյան. Անարյուն հեղափոխության սցենարը’