‘Տիտո Ռամալյո. «Զավեն Բադոյանը մինչ օրս տեսած ամենաորակյալ հայ խաղացողն է»’

993

«Բանանց» «Միկա» խաղով ավարտվեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության աշնանային շրջանը: Թիմերը ձմեռային դադարի գնացին բարեկամաբար՝ հավասար կիսելով միավորները. հանդիպումն ավարտվեց 1-1: Խաղից հետո լրագրողների հետ զրուցեց տանտերերի գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն.

«Խաղը տարբերվում էր մեր նախատեսածից: Մի քիչ հոգնած էինք, քանի որ փոփոխություններ էին տեղի ունեցել ու այս շաբաթվա մեջ երրորդ խաղն էինք անցկացնում: Վերջին խաղերի ընթացքում «Բանանցն» իրեն ավելի լավ էր դրսևորում, այսօր մի քիչ հետ գնացինք: «Միկան» գծերի մեջ շատ լավ է խաղում: Կարծում եմ՝ այդքան էլ վատ չէր, բացի գոլային իրավիճակից»,- նշեց իսպանացի մասնագետը:

Գո՞հ եք թիմից, եթե ամփոփեք Ձեր ղեկավարության ներքո անցկացրած խաղերը:

-Այո, ընդհանուր առմամբ գոհ եմ: Կարծում եմ, որ բոլոր խաղերից միայն մի երկուսն էր, որտեղ արժանի չէինք հաղթանակի: Թիմը դարձել է ավելի մրցունակ, ավելի կազմակերպված և մեզ մնում է որոշ փոփոխություններով ավելացնել այն ու ադապտացվել արդեն թիմի նոր ձևաչափին:

Ինչպե՞ս կգնահատեք պաշտպանական գծի ֆուտբոլիստները խաղը, ոչ միայն այս խաղում:

-Նույնկերպ, ինչպես մյուս բոլոր խաղացողներինը: Բնականաբար, լինելու են փոփոխություններ: Արդեն կարող եմ ասել, որ մոտ 8-9 խաղացողի փոփոխություն է լինելու:

Արդեն գիտենք, որ Զավեն Բադոյանը համալրել է թիմի կազմը: էլ ի՞նչ նորեկներ կլինեն: Արդեն կարո՞ղ եք անուններ նշել:

-Արդեն երկու անուն ունենք. Զավեն Բադոյանն ու Կլաուդիո Տոռեխոնը ու կարծում եմ, որ ավելի ճիշտ կլինի ակումբը հայտնի փոփոխությունների մասին, ոչ թե՝ ես: Բայց կան արդեն մարդիկ, ովքեր փոխվելու են ու կան փոփոխություններ, որ դեռ պետք է տեղի ունենան:

Ինչպես ստացվեց ստացվեց Բադոյանի ու Տոռեխոնի հետ համագործակցությունը և ի՞նչ կարծիք եք կազմել նրանց մասին:

-Անձամբ ես եմ այդ խաղացողներին նայել ու ընտրել: Կլաուդիոյին անձամբ տեսել եմ խաղերի ու մարզումների ժամանակ և կարծում եմ, որ շատ կարևոր ու մեծ օգնություն են նրանք «Բանանցի» համար ու շատ օգտակար կլինեն թիմի ապագայի համար: Բացի դարպասի գծից մնացած բոլոր գծերում փոփոխություններ կլինեն:

Իսկ կոնկրետ Զավեն Բադոյանի որակների մասին ի՞նչ կարծիքի եք:

-Արդեն մի քանի օր է, ինչ Զավենը մարզվում է մեզ հետ: «Բանանցի» ապագայի համար նրան շատ կարևոր խաղացող եմ համարում, քանի որ կարծում եմ, մինչ օրս տեսած հայ ֆուտբոլիստներից ամենաորակյալ խաղացողն է: Կարծում եմ՝ «Բանանցը» նրա համար լավ հնարավորություն կլինի՝ աճելու ու ավելի վեր բարձրանալու:

Նա կարո՞ղ է Ազգային հավաքականին օգուտ տալ:

-Կարծում եմ՝ այո: Այս ամենը կհաստատենք գործողություններով, ոչ թե՝ բառերով: Նա պետք է առաջ գնա, նա Հայաստանի համար լավ խաղացող է: Ֆուտբոլում ինչ-որ բան ապացուցելու ամենալավ ձևը գործողություններն են:

Ինչպիսի՞ նախապատրաստական շրջան է անցնելու թիմը և մինչև ե՞րբ է հանգստանալու:

-Հունվարի 15-ին կվերսկսկենք մարզումները, մինչ այդ մինչև դեկտեմբերի 3-ը կշարունակենք աշխատել այստեղ: Հունվարից աշխատանքի առաջին շաբաթը կանցկացնենք Երևանում, հետո, սկզբնականում որոշել ենք, որ կմեկնենք Սոչի, յոթ օրով կվերադառնանք ու նորից կմեկնենք Սոչի: Այս շրջանը շատ կարևոր եմ համարում մեզ համար այդ փոփոխությունների ու նոր խաղացողների հետ կապված:

Ջոն Ջերեմիան ե՞րբ պատրաստ կլինի միանալ թիմին:

-Դեռևս վնասվածք ունի: Այս պահին նրա ապագան չգիտենք, բայց հնարավոր է, չշարունակի:

Եթե հանկարծ առաջարկ լինի, կցանկանայի՞ք ղեկավարել Հայաստանի հավաքականը:

-Այս պահին միայն «Բանանցի» մասին եմ մտածում:

— «Բանանց 2»ի ֆուտբոլիստներից ներգրավվելու՞ են գլխավոր թիմի մեջ:

— Ես միշտ, ինչպես այսօր, օգտվում եմ երկրորդ թիմի ֆուտբոլիստներից: Կարծում եմ՝ յուրաքանչյուր թիմի բանալին ներս՝ սեփական թիմերին նայելն է ու միշտ այդպես է լինելու:

Նախորդ հոդվածը‘ Կլոպ. «Աշխարհում շատ մայրիկներ լավ որդիներ ունեն, այնպես որ` անպայման չէ գնել այն ֆուտբոլիստին, ում բոլորը ճանաչում են»’
Հաջորդ հոդվածը‘ Վլադիմիր Կլիչկոն պարտվել է բրիտանացի Թայսոն Ֆյուրիին(տեսանյութ)’