‘Տղերքի կյանքի հաշվին արված PR-ը չե՛ք մարսելու’

4650

Մինչ Հայաստանում եւ Ղարաբաղում մարդիկ փորձում էին հասկանալ ադրբեջանցիների խոցած ուղղաթիռի ճակատագրի հետ կապված մանրամասները՝ միաժամանակ փորձ անելով չտրվել ադրբեջանական (ասել է թե՝ պետականորեն լավ կազմակերպված) քարոզչությանը, որն, ի դեպ, բավականին ակտիվ է այս օրերին, Սերժ Սարգսյանի թիմը՝ իր իսկ մասնակցությամբ, խաղարկային PR ֆիլմ էր նկարում:  Ֆիլմ՝ մի քանի տեսախցիկներով ու ձայնագրող սարքերով: Ֆիլմ` «խիզախ նախագի» մասին:

Ի՛նչ է եղել իրականում. մեր ուղղաթիռի կործանումից հետո Սերժ Սարգսյանն ուղղաթիռով ու կարեւորը՝ ՆԱԽԱՊԵՍ ԾՐԱԳՐՎԱԾ այցով մեկնել է Ղարաբաղ՝ մասնակցելու Հայաստանի եւ Ղարաբաղի ԶՈՒ համատեղ զորավարժություններին՝ ինչպես որ միշտ:

Իսկ ի՛նչ է հրամցնում իշխանական քարոզչամեքենան. «Տեսեք, ազերիները խոցեցին մեր ուղղաթիռը՝ հուսալով խուճապ առաջացնել մեր շարքերում, բայց ահա՛ անվախ Սերժ Սարգսյանի պատասխանը Չեմբեռլենին, առանց վախենալու` Երեւանից ուղղաթիռով նա թռել է Ստեփանակերտ՝ այսպիսով հասկացնել տալով ադրբեջանցիներին, որ խուճապ չկա»: Մի խոսքով, ըստ այդ PR-ի` այսքան անվտանգ կյանքը մեր ընկեր անվախ Սերժիկն է տվել:

Այն, որ այս իշխանություններն ամեն-ամեն ինչի վրա կարող են PR անել, նորություն չէ: Բայցեւայնպես զարհուրելի է, երբ նույնիսկ այսպիսի ողբերգություններն են դառնում PR թեմա: Որովհետեւ չի կարելի տղաների ճակատագիրն օգտագործել քաղաքական նպատակներով՝ դիվիդենտներ շահելու հույսով: Չի կարելի, որովհետեւ դա ոչ միայն քաղաքականապես անազնիվ քայլ է, այլեւ՝ բարոյական չէ մարդկայնորեն:

Բայց` ամեն ինչի մասին հերթով:

1.Ոչ լեգիտիմ իշխանությունը ՝ սեփական աթոռները պահելու համար, պետական ու պատասխանատու ոլորտները լցրել է հիմնականում իրենց բուն գործից անտեղյակ դիլետանտներով: Դիլենտանտությունը, ցավոք, մետաստազներ է տվել եւ ամենուր է: Հենց այդ պատճառով էլ` հատկապես նման իրավիճակներում կարելի է տեսնել, թե ինչպես են տարբեր հիմնարկներ՝ միմյանցից անտեղյակ ու երբեմն իրար հակասող հայտարարություններ անում: Խոցված ուղղաթիռի հետ կապված պետական մակարդակով տրամադրվող տեղեկատվական քրոնիկոնը` վառ օրինակ: Ամենասկզբում ԼՂՀ ՊԲ-ն հայտարարեց ինքնաթիռի խոցման մասին: Հետո հայտարարվեց նաեւ, որ անձնակազմը երեք հոգի է եղել: ՀՀ ՊՆ մամլո ծառայության մակարդակով հաստատվեց նրանցից մեկի մահը: Երկար ժամանակ պաշտոնապես մյուս երկու տղաների մահը չէր հաստատվել: Սակայն, հենց այդ ժամանակ տեղի է ունենում ամենաաբսուրդային իրադարձությունը: ԱԺ նիստում Գալուստ Սահակյանը հնչեցնում է անձնակազմի անունները, եւ ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգում է նրանց մահը: Տառացիորեն ժամեր անց ԼՂՀ ՊԲ խոսնակը հայտարարում է, որ հնարավոր է՝ անձնակազմի երկու անդամները դեռ ողջ են: Դուք պատկերացնո՞ւմ եք այդ մարդկանց հարազատների ապրումները:

2. Իշխանական քարոզչամեքենայի կողմից Սերժ Սարգսյանին` այս ամենի ֆոնին PR անելը ոչ այլ ինչ է, քան անցում բարոյականության բոլոր սահմաններից անդին: Չի՛ կարելի տղաների ճակատագրերն «աչոկ» հավաքելու առիթ դարձնել: Սերժ Սարգսյանը Ղարաբաղ է մեկնել ընդամե՛նն ՈՒՂՂԱԹԻՌՈՎ: Այնպես, ինչպես որ մի՛շտ է եղել: Ուղղաթիռով Երեւանից Ստեփանակերտ մեկնելը քաջություն չէ, անձնազոհություն չէ, ի վերջո՝ վտանգավոր չէ, ՍՈՎՈՐԱԿԱՆ բան է:

Ուղղաթիռն ինքնաթիռ չէ, թռչում է նվազ բարձրության վրա` հազար մետրից ոչ ավելի, ինչն անտեսանելի է դարձնում նրան թշնամու ռադարների համար: Ստեփանակերտի օդանավակայանում վայրէջք կատարելու համար ուղղաթիռը խնդիր չունի մեծ շառավղով պտույտ կատարելու եւ դրա հետեւանքով հայտնվելու հակառակորդի ռադարների համար խոցելի տեսադաշտում: Սա հատկապես գիտեն բոլոր նրանք, ովքեր ծանոթ են Ստեփանակերտի օդանավակայանի տեղանքին ու աշխարհագրական դիրքին:

Պատերազմից հետո, այսինքն` տարածքային ներկայիս բաժանման իրավիճակում Ադրբեջանը երբեք չի խոցել հայկական ուղղաթիռ: (Ինքնաթիռային թռիչքները դադարեցվել են 1993-ին, այդ թվականից Հայաստանն ու Ադրբեջանը ԻԿԱՕ-ի անդամ են, բայց Ղարաբաղի տարածքում ԻԿԱՕ-ի կանոնները դե ֆակտո չեն գործում): Այնպես որ, ուղղաթիռով Երեւանից Ստեփանակերտ հասնելն ամենեւին էլ հերոսություն չէ, ինչը փորձ է արվում քարոզել իշխանական մակարդակով:

Իսկ եթե Սերժ Սարգսյանն իրապես հերոսանալու ցանկություն ուներ, ապա կարող էր իր ավելի քան երեք տարի առաջ տրված խոստումն իրականացնել: Ինչպես հիշում ենք, 2011 թվականի գարնանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի պաշտոնական անձանց այն հայտարարությունները, թե Ադրբեջանը կարող է խոցել այն ինքնաթիռները, որոնք պատրաստվում են վայրէջք կատարել Ստեփանակերտում կառուցվող օդանավակայանում, Սարգսյանը բառացիորեն հայտարարել էր. «Լեռնային Ղարաբաղն, անկասկած, իրավունք ունի օգտագործել օդային տարածքը: Իմ կողմից ես նույնպես հայտարարություն կանեմ. ես` Հայաստանի նախագահս, կլինեմ առաջին չվերթի ուղևորը, որը կիրականացվի դեպի Ստեփանակերտ»:

Այ, ինքնաթիռով գնալն իսկապես ռիսկային կլիներ, քանի որ Ադրբեջանն այդ դեպքում կունենար բոլոր տեխնիկական հնարավորությունները՝ այդ ինքնաթիռը խոցելու համար: Այլ հարց է, իհարկե, թե արդյո՞ք այդ երկրի ղեկավարությունը կունենար այդքան քաղաքական կամք. ի վերջո` նախագահական ինքնաթիռ կործանելը, եթե անգամ` քո հակառակորդ երկրի ղեկավարն է ու առանց քո համաձայնության դե յուրե հայտնվել է քո օդային տարածքում, լուրջ քաղաքական սկանդալի կարող է վերածվել:   

Բայց այդ խոստումը տալուց տարիներ անց անգամ, Սարգսյանը չի շտապում իր իսկ  ինքնաթիռով մեկնել Ղարաբաղ, այն էլ այն դեպքում, որ Ստեփանակերտի օդանավակայանի թռիչքուղին կառուցված է այնպես, որ հանգիստ կարող է ընդունել Սարգսյանին սպասարկող ինքնաթիռի տիպի ինքնաթիռներ: Եվ ուրեմն, Սերժ Սարգսյանի արարքում հերոսականության նշու՛յլ անգամ չկա եւ չի կարող լինել: Կա միայն իշխանական քարոզչամեքենայի կողմից այդ առիթից օգտվելու եւ քարոզչություն անելու անմարդկային միտում:

3. Հարց կծագի՝ եթե ուղղաթիռով մեկնելն անվտանգ է, ապա ինչպե՞ս է խոցվել այս ուղղաթիռը: Ուղղաթիռով մեկնելն անվտանգ է, քանի որ, ինչպես արդեն նշեցինք, վերջինս թռչում է նվազ բարձրության վրա եւ տեսանելի չէ հակառակորդի ռադարների համար: Բայց այդ նույն ուղղաթիռը կարելի է խոցել, երբ տեսանելի է մարդկային աչքին: Այսինքն, եթե դու թռչում Ստեփանակերտի գլխավերեւում, քեզ չեն խոցի, որովհետեւ ոչ նրանց ռադարներն են տեսնում քեզ, ոչ էլ՝ նրանց զինվորները, բայց եթե հասնում ես շփման գծին, որից ընդամենը մի քանի հարյուր մետր այնկողմ հակառակորդի խրամատներն են, հետեւաբար նաեւ՝ խոցելու համար նախատեսված համապատասխան զինտեխնիկան (տվյալ դեպքում՝ ԻԳԼԱ-ն), ապա բնական է, որ դու առնվազն վտանգի մեջ ես: Եվ ուրեմն, նվազ բարձրության վրա թռչելով՝ սահմանի բերան հասնելն ուղղակի վտանգավոր է, բայց այդ իրավիճակն ու Սերժ Սարգսյանի ուղղաթիռի թռիչքն անհամեմատելի են, դրանք տարբեր իրավիճակներ են, ինչը իշխանական քարոզչամեքենան համառորեն կամ չի հասկանում, կամ՝ չի ցանկանում հասկանալ, կամ էլ՝ հույս ունի, թե մարդիկ չեն հասկանա: Մեր տղաներն ակնհայտորեն վտանգի մեջ են եղել՝ հայտնվելով շփման գծի մոտ, եւ մնում է միայն վերջապես հստակ պատասխան տան մեզ՝ ինչո՞ւ, ինչո՞ւ էին նրանք հայտնվել այնտեղ:

4՝ Ղարաբաղ ժամանելուց հետո Սերժ Սարգսյանի շոուն, սակայն, այսքանով չի ավարտվել: Նա (երկու տեսախցիկների միջոցով նկարահանված եւ ապա մեզ հրամցված) մի ելույթ է ունեցել զորավարժություններին մասնակցող զինվորների առաջ՝ բառացիորեն հայտարարելով. «Անշուշտ, ձեզ հետևում էին նաև օտարները և առաջին հերթին նրանք, ովքեր մեզ թշնամի են անվանում, ովքեր միջոցների միջև տարբերություն չեն դնում և ի վիճակի են կացնահարել քնած մարդուն, ովքեր ի վիճակի են ԴԺՎԱՐ ԴՐՈՒԹՅԱՆ մեջ հայտնված և իրենից վտանգ չներկայացնող ուղղաթիռ ոչնչացնել»:

Սարգսյանը չի մանրամասնել՝ ի՞նչ նկատի ունի «դժվար դրություն» ասելով: Մի՞թե ակնարկում է, թե երեք սպաները կարող էին պատահաբար՝ առանց հրամանի հայտնվել իրենց կյանքի համար այդքան վտանգավոր գոտում: Մի՞թե օդաչուն կապ չէր պաշտպանում «կենտրոնի» հետ, եւ այդ պահին այդպես էլ ոչ ոք չգտնվեց՝ ետդարձի հրաման տալու համար: Ո՞ւմ վրայից է Սարգսյանը փորձում գցել պատասխանատվությունը, կամ` ո՞ւմ վրա է փորձում բարդել:

5. Եվ վերջում. զորավարժություններին մասնակցող զինվորների առաջ ունեցած ելույթում Սերժ Սարգսյանն այսպիսի հայտարարություն է անում. «Ձեր վարպետությունն արդեն ստիպում է Ադրբեջանում ապրող շատ-շատ միամիտների՝ փոխել իրենց կարծիքը պատերազմի մասին: Նրանք մտածում էին, որ Ղարաբաղի, Հայաստանի դեմ կռվելը կարճ և հաճելի զբաղմունք է, ֆլեշմոբի պես մի բան՝ հավաքվեցինք, մի բան սարքեցինք, նկարվեցինք ու ցրվեցինք: Վե՛րջ, ֆլեշմոբ չի՛ լինելու: Հաճույք և զբոսանք չի լինելու: Եվ վստահ եմ՝ պատերազմ չի լինելու, քանի որ դուք կաք, քանի որ դուք ուժեղ եք, քանի որ դուք կանգնած եք այստեղ»:

Ի՞նչ ֆլեշմոբի մասին է խոսքը կամ ընդհանրապես Սերժ Սարգսյանը գիտի՞, թե ինչ ասել է ֆլեշմոբ, եթե` այո, ապա կարծում է` տեղի՞ն բառ է կիրառել:

Ակնհայտ է, որ զինադադարի մասին պայմանագրի կնքումից հետո՝ առայսօր, Ադրբեջանը չի հանգստացել, ու եթե մեծ պատերազմ սկսելու հնարավորություն դեռ չունի, դա իրեն չի խանգարում հատիկ-հատիկ՝ մանր սադրանքներով, կրակոցներով, հրթիռակոծություններով տանել մեր տղաներին: Իսկ ի՞նչ է անում Սերժ Սարգսյանը: Ոչինչ: Միայն ժամանակ առ ժամանակ` ինքն ու իր քարոզչական թիմը ծանծաղ ու ջրիկ ելույթներ են «երկնում»՝ աշխարհի գութը շարժելու համար: Նման ելույթներով պետական շահ չեն պաշտպանում: Առավելեւս՝ մարդկային կյանքի գնով քարոզչություն չեն անում:

Պարգեւ Ապրեսյան

Նախորդ հոդվածը‘Շաբաթվա անցուդարձ. Ամփոփում ‘
Հաջորդ հոդվածը‘Սերբիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ’