‘ՏՄՊՊՀ-ն արձագանքում է ՄԻՊ-ի զեկույցին. Այդ խնդիրները մեզ համար տեսանելի են, և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ ‘

749

Հանձնաժողովի դիտարկմամբ՝ առավել քան տարօրինակ է Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած զեկույցը. եթե կան նման խնդիրներ, եթե կան ինչ-որ չարաշահման դեպքեր, որոնց տեղյակ է ՄԻՊ-ը, մենք շատ շնորհակալ կլինեինք, եթե դրանք գրասենյակը ներկայացներ մեզ: iLur.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը՝ մեկնաբանելով Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած զեկույցը հանձնաժողովի գործունեության վերաբերյալ:

Նշենք, որ զեկույցում Պաշտպանը նշում է հանձնաժողովի աշխատանքի մի շարք բացթողումներ՝ մասնավորապես ընդգծելով, որ բազմաթիվ գերիշխող դիրք ունեցող խոշոր բիզնեսների հակամրցակցային գործունեությունը չի վերհանվել, և  չեն ձեռնարկվել իրական և արդյունավետ քայլեր ազատ տնտեսության ձևավորման համար:

«Հանձնաժողովի նախագահ պարոն Շաբոյանն իր ելույթներում միշտ ընդգծել է, որ, իհարկե, կան դաշտում խնդիրներ, իհարկե, այդ խնդիրները մեզ համար ևս տեսանելի են, և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, որևէ անգամ մենք չենք ասել, որ դաշտում խնդիրներ չկան, մենք ևս տեղեկացված ենք, որ կան այդ խնդիրները, և ակտիվորեն աշխատում ենք դրանք լուծելու ուղղությամբ»,- նշեց Սահակյանը:

Նա տեղեկացրեց, որ նախորդ տարի ևս նման մի զեկույց Պաշտպանը հրապարկել է հանձնաժողովի գործունեության վերաբերյալ, ինչից հետո հանձնաժողովը դիմել է ՄԻՊ գրասենյակ՝ խնդրելով առարկայական փաստերով ներկայացնել, թե ինչ է հայտնաբերվել ուսումնասիրության արդյունքում, եթե զեկույցը գրելու համար հիմք են հանդիսացել որոշակի փաստեր, որոնց մասին ՄԻՊ-ը բարձրաձայնում է, սակայն Գայանե Սահակյանի խոսքով՝ այդպես էլ որևէ արձագանք չեն ստացել:

«Միայն եղել է մեկ քաղաքացու բողոք, նա դիմել էր ՄԻՊ գրասենյակ՝ «Արմենթելի» ծառայությունների որակի վերաբերյալ: Դիմումը ուղարկվել է մեզ, պաշտպանի ներկայացուցիչներն այդպես էլ քննարկմանը չներկայացան, սակայն հանձնաժողովն ուսումնասիրեց այն: Դա անհիմն դժգոհություն էր, քաղաքացին օգտվել էր ծառայությունից, սակայն չէր ուզում վճարել՝ պատճառաբանելով, որ որակի հետ կապված ինչ-որ խնդիրներ կան»,- ասաց մամուլի քարտուղարը:

Նախորդ հոդվածը‘Մի շարք հ/կ-ներ Վլադիմիր Գասպարյանից պահանջում են անհապաղ դադարեցնել իր ենթակաների կողմից իրականացվող ապօրինությունը’
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնյա. Դպրոցներում գրիպի համաճարակ չկա’