‘Տնտեսագետ. Բանկերի միաձուլումը մեծ ռիսկի տակ է դնում ողջ ֆինանսական համակարգը’

1401

Կենտրոնական բանկի որոշումը, որի արդյունքում հայաստանյան մի շարք բանկեր կարող են միավորվել, իր մեջ ռազմավարական մեծ ռիսկեր է պարունակում, կարծում է Մարդկային զարգացման միջազգային զարգացման կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը:

«Մեդիա-Կենտրոնում» բանկերի խոշորացման թեմայով հրավիրված քննարկմանը փորձագետը նշեց, որ դեռ 2014-ի նոյեմբեր-դեկտեմբերի արժութային ճգնաժամի օրերին շատ մասնագետներ կանխատեսում էին, որ որոշ բանկեր ճգնաժամին չեն դիմանա և կձուլվեն ավելի խոշոր բանկերի հետ:

«Բայց նույնիսկ նման կանխատեսումներ անող մարդկանց համար ԿԲ որոշումը՝ բարձրացնել կանոնադրական կապիտալի շեմը, շոկային էր», — նշեց Խուրշուդյանը:

Նա հիշեցրեց, որ ԱՄՆ-ում 2008-ի ֆինանսական ճգնաժամի ժամանակ հիմնականում տուժեցին, սնանկացան խոշոր բանկերը, մինչդեռ ռեգիոնալ, փոքր բանկերը հեշտությամբ հաղթահարեցին ճգնաժամը:

«Այսինքն՝ բանկերի խոշորացումով դու ռիսկը չես նվազեցնում: Ֆինանսական ճգնաժամը բանկերի չափից չի կախված: Ստիպելով, որ բոլոր բանկերը խոշորանան, միաձուլվեն, մեծացնեն իրենց կապիտալը, ԿԲ-ն ապագա հնարավոր ճգնաժամի դեպքում մեծ ռիսկի տակ է դնում ամբողջ ֆինանսական համակարգը», — նշեց փորձագետը:

Խուրշուդյանի խոսքով՝ ԿԲ որոշման արդյունքում մի քանի բանկեր կմիաձուլվեն, մի քանիսը ուղղակի կմեծացնեն կապիտալը, արդյունքում՝ կունենանք ավելի քիչ բանկ, քան նախկինում:

Հիշեցնենք, որ Կենտրոնական բանկի՝ 2014 թ. տարեվերջին ընդունած որոշման համաձայն՝ Հայաստանում գործող բանկերը մինչև 2017 թ. պետք է վեց անգամ մեծացնեն իրենց կապիտալի նվազագույն սահմանաչափը՝ 5 միլիարդ դրամից հասցնելով 30 միլիարդի: 

Նախորդ հոդվածը‘Ավտոճանապարհներն անցանելի են’
Հաջորդ հոդվածը‘Մանր եւ միջին ձեռներեցները երթով շարժվում են դեպի նախագահական’