‘Տնտեսագետ. Պետական պարտքն առաջին անգամ գերազանցեց ՀՆԱ 50 տոկոսը’

1946

500 մլն դոլար նոր պատրատոմսերի թողարկումը Հայաստանի պետական պարտքի ծավալը հասցրեց 4,9 մլրդ դոլարի, ինչը ՀՆԱ 52 տոկոսն է:

Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը նշում է, որ նման ցուցանիշ երբևէ չի արձանագրվել (2008թ. կազմում էր 16 տոկոս):

«Հիմա կասեն, որ բազմաթիվ երկրներ կան ավելի վատ ցուցանիշով, մեր պետական պարտքն էլ կառավարելի է: «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքով սահմանված է առավելագույնը 60 տոկոս, ինչից հետո հնարավոր չէ նոր պարտք վերցնել: Տնտեսական նման քաղաքականության պարագայում 60 տոկոսի հասնելը այդքան էլ հեռու չէ, իսկ տարեցտարի բյուջեի ծախսերում ավելանում են պետական պարտքի սպասարկմանն ուղղված գումարները: Ակնհայտ է, որ այս 500 մլն դոլարը մնացած միլիոնների նման որևէ ազդեցություն չի ունենալու տնտեսության զարգացման վրա», — ֆեյսբուքում գրում է Առաքելյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանը երկրորդ անգամ մտադիր է պարտատոմսեր: Առաջին անգամ՝ 2013-ին պարտատոմսերի իրացման միջոցով մարվեց ռուսական հակաճգնաժամային $500 մլն պարտքը: Այս անգամ կառավարությունը մտադիր է կոմպենսացնել բյուջեի պակասուրդը: The Wall street Journal հեղինակավոր հանդեսի փորձագետները նշում են, որ Հայաստանը  ամենառիսկային սուվերեն վարկառուներից է:

Իսկ այս տարվա հունվարի 15-ին միջազգային վարկանշային Moody’s Investor Service գործակալությունը նվազեցրել է Հայաստանի առաստաղային վարկանիշը`  «Ba2»-ից մինչև «Ba3»: Վարկանիշների կանխատեսումը «կայունից» իջել է «բացասական»: Վարկանիշների նվազման առանցքային գործոնների թվում նշվում է Հայաստանի արտաքին խոցելիության ավելացումը Ռուսաստանից դրամական փոխանցումների կրճատման պատճառով, ուղղակի արտասահմանյան ներդրումների համար անորոշ հեռանկարները, փոխարժեքի տատանողականության նկատմամբ բարձր զգայունությունը և արժութային պահուստների վրա սպասվող ճնշումները, Ռուսաստանի բացասական ազդեցության խորացումը, ներդրումային թույլ ակտիվությունը և առևտրի սահմանափակումները Եվրասիական տնտեսական համագործակցության երկրների հետ, որի անդամն է Հայաստանը 2015 թվականի հունվարի 2-ից: 

Նախորդ հոդվածը‘Պրեմիերա. Հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’
Հաջորդ հոդվածը‘Քարաթափում` Սյունիքի մարզի Կապանից Քաջարան տանող ավտոճանապարհին’