‘Տնտեսագետ. 2011 թվականի բյուջեի կատարողականը ունեցել է զուտ սոցիալական նշանակություն ‘

877

5-րդ գումարման ԱԺ-ն հոկտեմբերի 4-ին ընդունեց 2011 թվականի բյուջեի կատարողականը: Կատարողականին կողմ քվեարկեցին բացառապես ՀՀԿ և ՕԵԿ կուսակցությունների պատգամավորները:
iLur.am-ը 2011 թվականի բյուջեի կատարողականի մասին զրուցեց տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ: Վերջինս նշեց, որ ըստ կատարողականի հաշվետվության՝ աշխատավարձերը բարձրացել են 5,7%-ով, իսկ գնաճը կազմել է 7,7%, փաստորեն ստացվում է, որ բնակչությունը ունեցել է դրամական միջոցների 2% կորուստ:

«Դրական, թերևս, կարելի է համարել հանքարդյունաբերության ոլորտում կատարված աշխատանքները, մետաղական հանքանյութերի արտահանման ծավալները մեծացել են 3,6%-ով: Թեև՝ արտահանման ծավալների այս փոքր աճն էլ ուղեկցվում է բնապահպանական լուրջ խնդիրների առաջացմամբ», — մեկնաբանեց տնտեսագետը:

Նրա խոսքով՝ 2011 թվականի բյուջեն, որպես այդպիսին, տնտեսության վրա ազդեցություն չի ունեցել՝ չունենալով նաև կարգավորող նշանակություն:
«Բյուջեն ավելի շատ ունեցել է զուտ սոցիալական նշանակություն՝ հատկացնելով թոշակներ, նպաստներ և այլն: Չեն իրականացվել տնտեսության աշխուժացման ու զարգացման գործառույթները: 2011 կատարողականը ֆիքսում է նաև, որ շինարարության ոլորտը շարունակում է անկում ապրել, այսինքն՝ պետությունը չի խթանում պահանջարկի առաջացումը, որի հետևանքով խախտվում է առաջարկ-պահանջարկ հավասարկշռությունը», — ամփոփեց Սուրեն Պարսյանը:

Նախորդ հոդվածը‘Միքայել Դանիելյան. Եվրոպայի Խորհուրդը մեռած մարմին է ‘
Հաջորդ հոդվածը‘Առնոլդ Ստեփանյան. Իվանիշվիլիից պատասխան ենք պահանջում իր խոսքերի համար ‘