Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում ծանրամարտի տղամարդկանց 109 կգ քաշային կարգում օլիմպիական չեմպիոնի կոչումը երկամարտի 430 կգ արդյունքով նվաճեց ուզբեկ Աքբար Ջուրաեւը։
Հայաստանի հավաքականի առաջատար, Ռիո-2016-ի օլիմպիական փոխչեմպիոն (105կգ), կրկնակի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց երկամարտի արծաթե մեդալը՝ 423 կգ:
Պոկում վարժության առաջին մոտեցման համար Սիմոն Մարտիրոսյանը նախնական հայտով պատվիրել էր 190 կգ, որը վստահությամբ կատարեց:
Երկրորդ մոտեցման համար Սիմոն Մարտիրոսյանը պատվիրեց 195, որը հաջողությամբ ֆիքսեց եւ օլիմպիական ռեկորդ սահմանեց այս վարժությունում: Երրորդ մոտեցման համար պատվիրած 198 կգ-ը չկարողացավ պոկել:
Երկրորդ տեղը գրաված Աքբար Ջուրաեւը բարձրացրեց 193 կգ։
Հրում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը պայքարը սկսեց 228 կգ-ից եւ կատարեց առաջին փորձով։
Աքբար Ջուրաեւը հրում վարժությունում բարձրացրեց 237 կգ։ Սիմոն Մարտիրոսյանը ստիպված եղավ պատվիրել 238 կգ, որը չկարողացավ բարձրացնել երկրորդ եւ երրորդ փորձով։
Նշենք, որ Սիմոն Մարտիրոսյանին է պատկանում այս քաշային կարգի երկամարտի աշխարհի ռեկորդը 435 կգ արդյունքով:
Տոկիոյի Խաղերի ընդհանուր մեդալային հաշվարկում Հայաստանը 2 արծաթե եւ 1 բրոնզե մեդալով բարձրացավ 58-րդ տեղ։ Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին հենացատկում բրոնզե մեդալակիր էր դարձել մարմնամարզիկ Արթուր Դավթյանը: Օգոստոսի 3-ին հունահռոմեական ըմբշամարտի 97 կգ քաշային կարգում արծաթե մեդալ նվաճեց 2016թ․ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ) դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։
![](https://www.ilur.am/wp-content/uploads/2021/08/229353268_2819557008259106_3112115067609389673_n.png)