Մինսկ-2019 Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Կարապետ Չալյանը (77 կգ) նվաճեց Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի կիսաեզրափակիչի ուղեգիր:
Երկրորդ գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչը մրցեց 2018թ. աշխարհի չեմպիոն, Մինսկ-2019 Եվրոպական խաղերի հաղթող, 35-ամյա ռուս Ալեքսանդր Չեխիրկինի հետ և հաղթեց 2:1 հաշվով:
Գոտեմարտի սկզբնամասում Կարապետ Չալյանը մրցակցին դուրս հրեց գորգից և վաստակեց մեկ միավոր: Մրցափուլի վերջնամասում հայ ըմբիշը հայտնվեց պարտերում, և հաշիվը հավասարվեց: Ալեքսանդր Չեխիրկինին չհաջողվեց գլորում կատարել, և ըմբիշներն ընդմիջման գնացին 1:1 հաշվի պայմաններում:
Երկրորդ մրցափուլում Կարապետ Չալյանը մեկ միավոր վաստակեց մրցակցի պասիվության համար և ստացավ պարտերում վերևից աշխատելու հնարավորություն, սակայն գլորում կատարել չհաջողվեց: Վերջնամասում հայ ըմբիշը կարողացավ հաջողությամբ պաշտպանվել ու պահպանել նվազագույն առավելությունը՝ 2:1:
Կարապետ Չալյանն Ալեքսանդր Չեխիրկինի նկատմամբ ռևանշի հասավ Մինսկ-2019 Եվրոպական խաղերի եզրափակիչում կրած պարտության համար:
Եզրափակիչի ուղեգիրը գյումրեցի ըմբիշը կվիճարկի Ղրղզստանի ներկայացուցիչ Ակժոլ Մախմուդովի հետ, որը երկրորդ գոտեմարտում 9:1 հաշվով հաղթեց ադրբեջանցի Ռաֆիգ Հուսեյնովի: Կիսաեզրափակիչի գոտեմարտերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 13:15-ից: Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են հունգարացի Տամաշ Լորինցն ու իրանցի Մոհամադալի Գերային: