‘Տոկոս խփեմ դոլարով, կամ դասական թվաբանությունը Հայաստանի տարածքում այլևս չի գործում’

1090

Շաբաթ օրը Գյումրիում Սերժ Սարգսյանի հերթական ցնցող հայտարարությունը, այս անգամ «տոկոս խփելու» մասին, հիմա դիտարկվում է բացառապես ընտրությունների շրջանակում։

«… իմ շանսն էն ա, որ 100–ից 90 խփեմ, 80,70, թե 60։ էտ ա՝ ինչքան ուզես, էնքան խփենք»,– ասել էր Սերժ Սարգսյանը, դրանով պաշտոնապես բացահայտելով, թե ինչպես են տոկոսներ գրվում ընտրությունների արդյունքում։ Բայց տոկոս «խփելու» պրակտիկան մեզանում կիրառվում է ոչ միայն ընտրությունների արդյունքներ ստանալու, այլ տնտեսական սիրուն ցուցանիշներ նկարելու համար։ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը նույնպես տոկոս է «խփում» աննկարագրելի մաշտաբներով։ Ու տոկոս «խփելու» գործում ՍՎԾ-ն մի այնպիսի «ռազմախ է» վերցրել, որ տպավորություն է ստացվում, թե դասական թվաբանությունը Հայաստանի տարածքում այլևս չի գործում։ Օրինակ, եթե դուք 2012 թվականին ունեցել եք 9 հատ խնձոր, իսկ 2011 թվականին 10 հատ խնձոր, ի՞նչ եք կարծում, ի՞նչ փոփոխության է ենթարկվել խնձորի քանակությունը ձեր մոտ՝ այդ մեկ տարվա ընթացքում։ Հիմա կասեք, խնձորների թիվը պակասել է մեկ հատով կամ մի 10 տոկոսով։ Դասական թվաբանության համաձայն, այդպես էլ կա։ Բայց քանի որ Հայաստանում ոչ թե թվաբանություն է գործում, այլ տոկոս է «խփվում», ուրեմն 10 խնձորից, եթե մեկը հանես, ապա ձեր մոտ խնձորների թիվը պետք է ավելանա։ Չէ՞ք հավատում։ Հիմա ապացուցենք։ ԱՎԾ-ի տվյալներով 2011 թվականին Հայաստանում իրականացվել է 504.8 մլրդ դրամի շինարարություն, իսկ 2012 թվականին՝ 469,6 միլիարդ դրամի շինարարություն։ Այսինքն, ակնհայտ է, որ 2012 թվականին շինարարության ծավալը նվազել է մոտ 35 մլրդ դրամով կամ մոտ 7.5 տոկոսով։ Բայց դա, բարեկամներս, դասական թվաբանության կանոններով։ Նեոհայկական, կամ երեևի ճիշտ կլինի ասել, ՀՀԿ-ական թվաբանությամբ, դա այդպես չէ։ Հեչ այդպես չէ։ Քանի որ ՀՀԿ-ական թվաբանության համաձայն, միշտ պետք է աճ լինի, ուստի՝ շինարարության ծավալը 504.8 միլիարդից 469.6 միլիարդ դառնալու պարագայում, աճը 0.2 տոկոս է։ Իրոք որ՝ «ինչքան ուզես, էնքան խփենք»։ Եւ ահա այսպիսի ՀՀԿ-ական թվաբանության շնորհիվ, Հայաստանում արձանագրվել է 7 տոկոս տնտեսական աճ։ Տղեքը էդքան են ուզել, էդքան են խփել։ Որ ուզեին, մի 30 տոկոսանոց տնտեսական աճ կխփեին, բայց երեփ հավես չեն ունեցել։

Շինարարության ծավալների՝ ՀՀԿ-ական թվաբանությամբ ստացված աճը, միակ օրինակը չէ։ Բերենք հաջորդ օրինակը։ Նույն Ազգային վիճակագրական ծառայությունը 2012 թվականի սոցիալ տնտեսական իրավիճակի մասին պաշտոնական տեղեկանքում արձանագրել է, որ 2011-ին՝ 2012 թվականի համեմատ, արտահանումը Հայաստանից կազմել է մեկ միլիարդ 428 հազար դոլար, ինչը 2011 թվականի նույն ցուցանիշը գերազանցում է 7 տոկոսով։ Դե բնականաբար, լուրջ դեմքերով ասուլիսներ, հայտարարություններ, ներմուծման նկատմամբ արտահանման առաջանցիկ տեմպի մասին խորը վերլուծություններ, հրավառություն, շամպայն…։ Բայց անցած շաբաթվա վերջին ՀՀ պետեկամուտների կոմիտեն հրապարակեց նույն այդ արտահանման մասին շատ ավելի մանրամասն տեղեկանք, թե որ ապրանքից որքան է արտահանվել որ երկիր և ինչ գնով։ Եւ ահա դասական թվաբանության կանոնները օգտագործելով՝ հաշվեցինք և ի՞նչ։ Պարզվեց, որ ԱՎԾ-ն էլի տոկոս է «խփել»։ Իրականում I 2012 թվականին Հայաստանից արտահանվել է ոչ թե 1 միլիարդ 428 միլիոն դոլարի ապրանք, այլ՝ մեկ միլիարդ 361 միլիոն դոլարի։  Այսինքն, ԱՎԾ-ն հավելագրել է 67 միլիոն դոլարի արտահանում։ Եթե վերանում ենք սրանից, ապա ստացվում է, որ 2011 թվականի համեմատ արտահանումը աճել է ընդամենը 1.8 տոկոսով և ամենևին էլ ոչ 7 տոկոս, ինչպես արձանագրում է ԱՎԾ-ն։ Ու ցուցանիշից շամպայնը կարող է «կատիկը թռնել»: Ո՞րն է խնդիրը։ Կառավարությունը իր բազմաթիվ ռազմավարություններում ու ծրագրերում նշում է, թե արտահանումը պետք է առաջանցիկ տեմպերով աճի ներմուծման համեմատ։ Այսինքն, եթե ներմուծումը աճում է 5 տոկոսով, ապա արտահանման աճը պետք է կազմի ավելի քան՝ 5 տոկոս։ Ու հենց սրան էլ փորձել է հասնել ԱՎԾ-ն՝ արձանագրելով 7 տոկոս արտահանման աճ, քանի որ ներմուծման աճը, ըստ ԱՎԾ-ի, եղել է 2.9 տոկոս։ Իրականում, ըստ պետեկամուտների մանրամասն տեղեկանքի, 2012 թվականին ներմուծումը 2011-ի համեմատ աճել է ոչ թե 2.9, այլ 3.1 տոկոսով։ Եւ ուրեմն, ի՞նչ ստացվեց։ Ստացվեց, որ ներմուծումը աճել է 3.1 տոկոսով, իսկ արտահանումը՝ 1.8 տոկոսով։ Սա նշանակում է, որ ներմուծումն է առաջանցիկ տեմպերով աճում և ոչ թե՝ արտահանումը։ Բայց կրկնենք, սա դասական, այսպես ասած, միջազգայնորեն ընդունված թվաբանության համաձայն։ Այն թվաբանության, ըստ որի՝ 2-ին գումարած 2, հավասար է 4։ Իսկ մերոնց կիրառած ՀՀԿ-ական թվաբանության համաձայն, 2-ին գումարած 2-ը ընտրություններից հետո կլինի 5.2, իսկ մինչև ընտրությունները՝ «ինչքան ուզես, էնքան խփեն»։

Հայկ Գևորգյան

«Հայկական ժամանակ»

Նախորդ հոդվածը‘Ռոնալդուն մտադիր է գերազանցել Ռաուլի ռեկորդը’
Հաջորդ հոդվածը‘Փաստորեն՝ Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված մահափորձը չի ձախողվել’