‘Տոնակատարությունները հենց նրա համար են, որ զոհված զինծառայողների հարազատների վիշտը նաև հանեն. Ս.Օհանյան («Հրապարակ»)’

960

Չնայած այս տարվա առաջին երեք շաբաթներին արձանագրված 12 զոհին, իշխանական, զինվորական վերնախավը չհրաժարվեց իր ավանդական խրախճանքից` Բանակի օրվան նվիրված համերգից ու կերուխումից: Պարզվում է` համերգը  հակասթրեսային թերապիա է զոհերի ընտանիքների ու հարազատների համար: Նախօրեին «Հրապարակի» հետ զրույցում այսպես է բացատրել Սեյրան Օհանյանը, ով օպերային թատրոնի նախասրահում հյուրերին էր դիմավորում: Նախարարները, պատգամավորները, բարձրաստիճան զինվորականները, մի խոսքով՝ փոքր ու մեծ չինովնիկները, այնպիսի հպարտությամբ էին լսում էկրանից հնչող 18-20 տարեկան  սահմանապահների  շնորհավորական ուղերձն ու հայրենիքին նվիրված ձոնը, կարծես այդ սահմանապահներն էին իրենց որդիները և ոչ թե բանակից խուսափող արտոնյալները:

Բնականաբար, դահլիճի դռները փակ էին հատկապես ընդդիմադիր ազատամարտիկների առջև, ովքեր իրենց ներդրումն ունեն արցախյան պատերազմի հաղթանակում: Համերգի կարևորության վերաբերյալ թերթը հարց է ուղղել Սեյրան Օհանյանին:

— Պարոն նախարար, վերջին օրերին շատ քննադատություններ հնչեցին Ձեր հասցեին, որ 12 զոհն անգամ չստիպեց  հրաժարվել համերգից,  հնարավոր չէ՞ր բանակի օրվա միջոցառումներից համերգային մասը հանել:

— Նախևառաջ ասեմ` մենք 7 զոհ ունենք, որոնք զոհվել են հայրենիքի համար և բարձր են պահել ազգի արժանապատվությունը և բանակի մարտական ոգին: Բոլորի հուղարկավորության ժամանակ մենք էսպես արժանապատվորեն ենք իրականացրել այդ ամենը, և ծնողները,  հարազատներն էլ են դա հասկանում: Եվ այսօրվա միջոցառմանը, որը որ կոչվում է բանակի 23-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառում,  հիմնական ելույթները, հիմնական մշակութային ցուցադրական պահերը վերաբերում են հենց հերոսությանը, վերաբերում են հայրենիքի պաշտպանությանը, այս հանդիսավոր արարողության ժամանակ ներկա են լինելու շատ-շատ ազատամարտիկների, անցած տարվա  զոհված զինծառայողների ծնողներ, ու նրանք հպարտանում են մեր բանակի համար: Պետք չէ շահարկել, որ բանակի տոնը կամ այլ տոները…   ինչո՞ւ չենք ասում, որ այլ տոնակատարություններ որ լինում են, և այդ պահին մարդ է զոհվում, ինչո՞ւ են տոնում: Տոնակատարությունները մեր տարեկան օրացույցի շրջանակներում են և պետք է կատարվեն: Ընդ որում, դրանք  հենց նրա համար են, որ ժողովրդին ոգևորեն, տոնական տրամադրություն ստեղծեն, և հենց այն վիշտը, որը որ կա մեր զոհված զինծառայողների հարազատների մոտ, այդ վիշտը նաև հանեն: Կարծում եմ, որ այսպիսի շփումները յուրաքանչյուրի արժանապատվությունը և ժամանակն էլ ավելի են ամրապնդելու հպարտությունը յուրաքանչյուր զոհվածի նկատմամբ, նրանց անցած ճանապարհի նկատմամբ: Անկասկած, առաջին գծում լարված իրավիճակ է, զինվորականի համար այսպիսի մի ասացվածք կա, որ զինվորականի համար տոնը նման է, ինչպես ձին հարսանիքի ժամանակ, ամբողջությամբ զարդարված է, բայց հիմնական ուշադրությունը բանակն է, զգոնությունը և առաջին գիծն է: Պետք չէ շահարկել, որ բանակի տոնը…

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Դատավորի առողջությունը հյուպատոսի պաշտոնում’
Հաջորդ հոդվածը‘Մինո Ռայոլա. ««Յուվենտուսի» նորեկներից կարող է լինել Հենրիխ Մխիթարյանը»’