‘«Տոնուս» ՍՊԸ-ից խաբված բնակիչները ձվեր են նետել «Արցախբանկի» պատուհանների ուղղությամբ’

934

Դավիթաշենի 2-րդ թաղամասում «Տոնուս» ՍՊԸ-ի կառուցած շենքի բնակարանատերերն այսօր՝ դեկտեմբերի 26-ին, շարունակել են իրենց բողոքի ակցիան Կառավարության շենքի առջեւ, չնայած նախօրեին «Արցախբանկի» ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ վերջիններս զգուշացրել էին, որ ցույցը կխանգարի ընթացող բանակցություններին, հայտնում է news.am-ը:

Բնակիչներից մեկը հայտնել է, որ իրենց Արցախբանկից զգուշացրել են, որ ցույց չանեն, քանի որ դա, հնարավոր է՝ խանգարի բանակցություններին: Սակայն խաբված բնակարանատերերը «Դուրս մեր բնակարաններից, դու օտար ես, «Արցախբանկ», «Դատապարտում ենք «Տոնուսի» եւ «Արցախբանկի» կանխամտածված խարդախությունը», «Կանխենք «Արցախբանկի» հանցավոր գաղափարները» գրությամբ պաստառներով ի վերջո կանգնել են Կառավարության կենտրոնական մուտքի առջեւ՝ շարունակելով իրենց բողոքի ակցիան։

Մասնակիցները երթով շարժվել են դեպի «Արցախբանկի» Սայաթ-Նովա փողոցում գտնվող գրասենյակ: Ակցիան շարունակելով ՝ նրանք ձվեր են նետել բանկի պատուհանների ուղղությամբ, տեղեկացնում է yerkir.am-ը: 

Հիշեցնենք, որ Դավիթաշենում եւ Արաբկիրում մի խումբ քաղաքացիներ չեն կարողանում մուտք գործել իրենց սեփական բնակարանները. Աշոտ Տոնոյանին պատկանող «Տոնուս Քոնսթրաքշն» ընկերությունը նորակառույց շենքի բնակարանները վաճառել է քաղաքացիներին, սակայն այնուհետեւ դրանք գրավադրել է «Արցախբանկում»: Շենքի կառուցումից հետո «Արցախբանկը» տիրացել է բնակարաններին, «Տոնուս Քոնսթրաքշնը» սնանկ է ճանաչվել, իսկ քաղաքացիները մնացել են ձեռնունայն: Բնակարանատերերի խոսքով՝ Տոնոյանն այժմ Վրաստանում զբաղվում է բիզնեսով։ Նրանք չեն հավատում, որ «Արցախբանկը» տեղյակ չի եղել Տոնոյանի խարդախություններին։ Նոյեմբերի 14-ին խաբված բնակարանատերերը ներխուժել էին Սայաթ Նովա փողոցում գտնվող «Արցախբանկի» Նաիրիի մասնաճյուղ, հանդիպել կառավարչի հետ, սակայն ոչինչ չի փոխվել։

 

Նախորդ հոդվածը‘ՀՀ գլխավոր դատախազությունը պատասխանել է Պ. Անդերսոնի նամակին’
Հաջորդ հոդվածը‘«Սուքիաս Ավետիսյանի համար ծլկելը լավագույն տարբերակն է»’