‘Տոտալ հոսանքահարում, կամ՝ ինչքան ուզեն՝ էնքան կթանկացնեն ‘

1701

Այն, ինչ գազի, էլէկտրաէներգիայի գների հետ անում են իշխանությունները՝ ժողովրդի գլխին, այլ բան, քան տոտալ հոսանքահարում անվանել չի կարելի: Ընդ որում՝ հենց իշխանություններն են անում, այո՛, եւ ոչ այն ընկերությունները, որոնք մատակարարում են գազ կամ հոսանք, կամ, առավելեւս, ոչ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ինքնին: Իշխանություններն են անում, որովհետեւ հենց նրանց ձեռամբ, թողտվությամբ, իսկ հիմնականում՝ նաեւ նախաձեռնությամբ, այս ռազմավարական ոլորտներում ստեղծվել են վտանգավոր մենաշնորհներ, պետության անունից կնքվել են այնպիսի խայտառակ պայմանագրեր, որտեղ ուղղակիորեն ստորադասվել են Հայաստանի եւ ՀՀ քաղաքացիների շահերը, ծառայություններ մատուցող ընկերություններին տրվել են գերարտոնյալ հնարավորություններ, այդ թվում՝ երաշխավորված շահույթի մարժա, որի պակասի դեպքում վերջիններս իրավունք ունեն պարբերաբար վերանայել մատուցվող ծառայությունների գները: Վերանայել այնքան՝ ինչքան ուզեն: Կարճ ասած՝ ինչքան ուզեն, էնքան կթանկացնեն:

Հիմա ո՞ւմ տաս այդպիսի յուղոտ հնարավորություն, ո՞ր մի ընկերությանը սկուտեղի վրա մատուցես էդքան բերք ու բարիք, որ նա չօգտվի: Ցանկացած տնտեսվարող սուբյեկտ էլ, առաջին հերթին, հենց իր ֆինասնական շահերն է հետապնդում, եւ դա բնական է: Նա անընդհատ պետք է ձգտի հնարավորինս շատ շահույթ ունենալ: Սակայն պետության ֆունկցիան, չմոռանանք (այն պետության, որտեղ գործունեություն է ծավալում տվյալ տնտեսվարող սուբյեկտը) հենց այն է, որ որոշակի մեխանիզմների շնորհիվ զսպի տնտեսվարողների ախորժակը, հանդես գա յուրահատուկ մի արբիտրի դերում, որ, մի կողմից՝ հնարավորինս շատ ընկերություններ տնտեսական գործունեություն ծավալեն, բայց եւ միաժամանակ այդ ամենի արդյունքում չտուժի ոչ պետությունը եւ ոչ էլ քաղաքացին: Այսինքն՝ որ ե՛ւ գայլերը կուշտ լինեն, ե՛ւ  գառները՝ ողջ:

Բայց մեր իշխանությունները կարծես մոռացել են թե՛ պետության մասին, թե՛ քաղաքացիների: Չկա հանրային սեփականության գիտակցություն: Կա միայն մեկ գիտակցում, այն է՝ ինչ կա Հայաստանում, եւ Հայաստանն ինքնին՝ իրենով հանդերձ, հենց իրենց անձնական սեփականությունն է, եւ հետեւաբար՝ պետք է վարվել այդ ամենի հետ ճիշտ այնպես, ինչպես կցանկանան իրենք: Հայաստանն այս մարդիկ դիտարկում են ընդամենը որպես բիզնես պրոյեկտի մի մաս, օժանդակ գործիք, որի միջոցով կարելի է առավելագույն շահույթ ստանալ: Ընդամենը: Այլապես՝ ինչպե՞ս հասկանալ այն խայտառակ պայմանագրերը, որով Հայաստանին, ասել է թե՝ ՀՀ քաղաքացիներին պատկանող ռազմավարական օբյեկտները (հատկապես՝ էներգակիրների ոլորտում) վաճառվում են այս կամ այն ընկերություններին:

Ընդ որում՝ խայտառակ ու կոռուպցիոն է ոչ միայն վաճառքն ինքնին, այլեւ՝ հետագա տարիների կտրվածքով այդ ընկերություններին մեր՝ բոլորիս հաշվին տրվող արտոնությունները: Եւ հենց այդ է պատճառը, որ այդ ընկերությունները հայտարարում են, որ իրենք ունեն շահույթի որոշակի մարժա, ու երբ ինչ-ինչ պատճառներով (ընդ որում՝ պատճառներն էական էլ չեն) իրենք ավելի քիչ շահույթ են ստանում, ապա այդ երաշխավորված շահույթը պետք է ստանան ամեն դեպքում, եւ դա անում են իրենց կողմից մատուցվող ծառայությունները թանկացնելու գնով: Ու երբ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանն ասում է, թե իրենք այդ իրավունքը վաճառքի պայմանագրով ունեն, չի ստում: Ունեն: Իրապես: Որովհետեւ ունենք այսպիսի իշխանություններ, ովքեր տվել են այդ իրավունքը եւ հետ չեն վերցնում: Ու չեն վերցնի, քանի դեռ իրենք իշխանության են:

Իսկ էլեկտրաէներգիան, գազը՝ ի՞նչ: Դրանք հա էլ չհիմնավորված կթանկական, եւ ոչ միայն դրանք: Եւ կթանկանան այնքան ժամանակ, քանի դեռ իշխանափոխություն տեղի չի ունեցել: Շատ պարզ պատճառով: Հետեւանքների դեմ պայքարելով՝ հետեւանք չես վերացնի: Հետեւանքները կարելի է վերացնել պատճառների դեմ պայքարելով:

Պարգեւ Ապրեսյան 

Նախորդ հոդվածը‘Վիտալի Բալասանյան. Հարկավոր է Արցախը դարձնել բանակցությոնների լիիրավ կողմ ‘
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի ապահովագրական ընկերությունների աշխատողների աշխատավարձերը մեկ տարում նվազել են 12.8%’