‘
Երբ թվում էր, թե Գարեթ Բեյլը շուտով կդառնա ֆուտբոլի պատմության ընթացքում ամենաթանկ տրանսֆերը, «Տոտենհեմի» նախագահ Դենիել Լևին բարդացնում է խաղացողի տրանսֆերը դեպի Մադրիդի «Ռեալ»: Մադրիդ տեղափոխման խոսակցությունները, եթե այն տեղի չունենա, պարզ է, որ չեն դադարի մինչ տրանսֆերային պատուհանի ավարտը: Այս պահին կարելի է ասել, որ խաղացողին ձեռք բերելու մտքից հրաժարվել է «Մանչեստեր Յունայթեդը», ով կենտրոնացել է Սեսկ Ֆաբրեգասին ձեռք բերելու վրա:
Դատելով վերջին օրերին տեղի ունեցած հայտարարություններից՝ կարելի էր ենթադրել, որ լոնդոնյան թիմը սկսել է զիջել, և Բեյլը շուտով կդառնա «սերուցքային»: Իսպանական մամուլը խոսում էր 99 մլն € առաջարկի մասին, որը նոր տրանսֆերային ռեկորդ կհամարվեր: Բայց խաղացողի՝ Մադրիդ տեղափոխման գլխավոր խոչընդոտը դարձավ «Տոտենհեմի» նախագահ Դենիել Լևին, ով Մոդրիչի՝ «Ռեալ» տեղափոխությունից հետո համարում է, որ Բեյլի տրանսֆերը վիրավորական կլինի թե՛ թիմի և թե՛ հենց իր համար: Այժմ իր «հպարտությունն» էլ գումարած Լևին Բեյլին գնահատում է 145 մլն € կամ 99 մլն և Ֆաբիո Կոենտրաո: Մադրիդյան թիմում, իհարկե, նման պահանջները համարում են խելագարություն և փորձում են հենց խաղացողի միջոցով ճնշում գործադրել Լևիի վրա: Ըստ իսպանական մամուլի՝ երեկ Դենիել Լևիի հետ զրուցել են Բեյլի ծնողները և փորձել են նրան համոզել հնարավորինս արագ լուծել իրենց որդու տեղափոխության հարցը, այլապես Գարեթը հրապարակայնորեն կհրաժարվի մարզվել և խաղալ լոնդոնյան թիմի կազմում: «Marca-ի» տարածած տեղեկատվությունը հերքվեց այսօր առավոտյան, երբ Բեյլը ընդհանուր խմբի հետ մարզում անցկացրեց «Տոտենհեմի» կազմում:
Ինչու՞ է Ֆլորենտինոն այդքան ցանկանում գնել Բեյլին
Այս ամռանը Ժոզե Մոուրինյոյի՝ Մադրիդը լքելուց հետո, Ֆլորենտինոն վերջապես որոշեց գնել երիտասարդ իսպանացիների: Կարվախալին, Իսկոյին և Իլլարամենդիին ձեռք բերելու համար թիմը ծախսեց ընդհանուր առմամբ մոտ 90 մլն €՝ ապահովելով մրցակցություն խաղային յուրաքանչյուր դիրքի համար: Իր տրամադրության տակ ունեցած կազմից գոհ է նաև Կարլո Անչելոտին, ում համար նաև բարդ կլինի դաշտում տեղ գտնել բրիտանացու համար: Խաղացողի՝ Մադրիդ տեղափոխման գլխավոր կողմնակիցը Զինեդին Զիդանն է, ով բազմիցս գովերգել է նրան՝ համարելով Մեսսիի և Ռոնալդուի կարգի աստղ: Բացի այդ՝ Իգուաինի, Ալբիոլի, Կալյեխոնի և Գարայի տրանսֆերի 50 % վաճառքից «Ռեալը» արդեն իսկ վաստակել է 70 մլն € և գումար չի խնայի Բեյլին ստանալու համար:
Հ.Գ. Այսօր «The Times-ը» տեղեկատվություն տարածեց այն մասին, որ «Տոտենհեմը» պատրաստ է հրաժարվել իր գլխավոր աստղից, եթե մադրիդցիները, բացի 99 մլն €-ից, վերադարձնեն նաև Լուկա Մոդրիչին: Հաշվի առնելով, որ Անչելոտին իր կազմում ունի Օզիլին, Խեդիրային և Իսկոյին, իրադարձությունների նման զարգացումը շատ հավանական է թվում:
‘