‘Տուխել. «Հենրիխը գովասանքի կարիք չունի: Նա միշտ ձգտում է կատարելագործման»’

1443

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Գերմանիայի առաջնության 22-րդ տուրի՝ Լևերկուզենի «Բայերի» հետ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ Հենրիխ Մխիթարյանը գովասանքի կարիք չունի: Հայ կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանի 34 խաղում 18 գոլ է խփել և 22 գոլային փոխանցում է կատարել:

«Հենրիխը գովասանքի կարիք չունի: Նա միշտ ձգտում է կատարելագործման: Հենրիխը գիտի՝ ինչ նշանակություն ունի թիմի համար, եթե անգամ ամենաբարձր մակարդակով չի խաղում»,-Տուխելի խոսքը մեջբերված է «Ruhr Nachrichten»-ից:

Խոսելով առաջիկա խաղի մասին՝ Տուխելն ընդգծել է, որ «Բայերի» ֆուտբոլիստները վերջին շրջանում ավելի ինքնավստահ են դարձել:

««Բայերում» բարձրակարգ ֆուտբոլիստներ կան: Այս թիմն ունի իր ուրույն ոճը և ցանկացած պահի կարող է դրական շարքի սկիզբ դնել: Այժմ «Բայերի» ֆուտբոլիստները սեփական ուժերի նկատմամբ շատ մեծ վստահությամբ են խաղում: Մենք բարդ ու բարձրակարգ հանդիպման ակնկալիք ունենք:

Ցավոք, այժմ Ռոման Վայդենֆելլերն ու Իլկայ Գյունդողանը վնասվածքներ ունեն, իսկ ահա Սվեն Բենդերը շարք է վերադարձել: Վաղը նա իմ տրամադրության տակ կլինի, ինչը մեծ ուրախություն է»,-ասել է Տուխելը:

Նախորդ հոդվածը‘Փաստաբանների հայտարարությունը Վ.Գասպարիին կալանավորելու որոշման մասին’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալի» ֆուտբոլիստները կատակել են «Բարսելոնայի» 11-մետրանոցի առիթով (տեսանյութ)’