‘
Քսաներեք տարի առաջ հակամարտության կողմերի ամենաուժեղ զինանոցը «Գրադն» էր: Հիմա, երբ «Իսկանդերով» կարելի է խփել Սանգաչալ տերմինալին, որ Բաքվի արվարձանում է, կամ հենց Ալիեւի ամառանոցին, իսկ Նախիջեւանից՝ Երեւանին, ծիծաղելի է պնդել, որ եթե շփման գիծը փոխվի, թուրքերը կուտեն Ղարաբաղը եւ կհասնեն Զանգեզուր ու Սեւան…
Ի”նչ է խլում եւ տալիս բուֆերային գոտին: Տալու մասով ասվեց` ոչինչ, եթե հաշվից դուրս թողնենք, որ Աղդամում ղարաբաղցիները մի քանի հազար հեկտար արտ են ցանում: Բայց կրակի տակ հնձած ցորենի գինը տասնյակ երիտասարդների կյանքն է, այդ հացը արյունոտ է, ուտողի կոկորդին պետք է կանգնի:
Ի”նչ կտա բուֆերը Ադրբեջանին: Բաքվում հաշվել են, որ այդ տարածքների ռեաբիլիտացիան արժե 500 միլիարդ դոլար: Ընդունենք, որ այնտեղ հավելագրում են անում, եւ նշված թիվը երկու կամ երեք անգամ կրճատենք: Կունենանք դարձյալ աստղաբաշխական գումար` 150-250 միլիարդ:
Ադրբեջանի տարեկան ռազմական ծախսերը կազմում են երեք միլիարդ: Ենթադրենք՝ տարածքները վերադարձնելուց հետո այդ ծախսերը եռակի կրճատվում են, և խնայած 2 միլիարդը հատկացվում է վերականգնման ծրագրերի: Զրոյից սկսում են քաղաքներ եւ գյուղեր կառուցել, ճանապարհներ, գազատարներ, էլեկտրագծեր, ջրանցքներ, կամուրջներ եւ այն ամենը, ինչ պետք է, որ այնտեղ մարդիկ ապրեն: Ամենալավատեսական հաշվարկներով անգամ` վերականգնման շրջանը կտեւի տասնամյակներ: Հաշվել է պետք: Ճիշտ ` Ադրբեջանի նման, որտեղ թուղթ ու գրիչ վերցրած` հաշվում են, թե տարեկան 30-40 000 արտագաղթողի տեմպով քանի” տարի հետո Հայաստանի բնակչությունը կհասնի նվազագույն կրիտիկականի:
Ծախսելիք գումարներին հարկ է ավելացնել բնակչության վերադարձի խնդիրը: Անցել է քսանհինգ տարի, այդ մարդիկ տեղավորվել, տնավորվել, ապրում են, նրանց բնակության նախկին վայրեր վերադարձնելը շատ դժվար է լինելու: Այնպես չէ, որ այսօր տարածք ստացան, վաղը կես միլիոն մարդ բնակեցնելու են: Դարձյալ տասնամյակներ են պետք լինելու, եւ այդքան ժամանակ Ադրբեջանը լինելու է ներքին կոնֆլիկտային: Բացի դրանից, Ադրբեջանում տեղակայվելու են խաղաղապահ զորքեր, որոնց ներկայությունը մեծ մասով սահմանափակելու է նրա սուվերենությունը, այս կամ այն ընտրություն կատարելու մանեւրի դաշտը:
Հիմա թող ստատուս-քվոյի ջատագովները պատասխանեն, թե ինչ է մեզ տալիս եւ ինչ խլում «բուֆերն հանապազօրեայ», որի համար իրենք օրը երկու անգամ էքստազով աղոթում են:
Գեւորգ Նալբանդյան
‘