‘Տրայան Հրիսթեա. Ընթացիկ տարին կնշանավորվի ԵՄ հետ Հայաստանի համագործակցության նոր մակարդակով’

715

Ընթացիկ տարին կնշանավորվի Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության նոր մակարդակով: Երևանն ու Բրյուսելը պետք է որոշակի դարձնեն փոխգործակցության շրջանակները, ամրապնդեն համատեղ աշխատանքի նորմատիվ-իրավական հիմքերը: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան` Երևանում կայացած խորհրդաժողովում:

Եվրոպացի  դիվանագետի կարծիքով, կողմերը քաղաքական կամք ունեն Հայաստանի և ԵՄ միջև նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների համար: «Մենք նաև ցանկանում ենք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործուն մասնակցություն նոր համաձայնագրի ստեղծման գործընթացին: Քաղաքացիական հասարակության մասնակցությունը նոր որակ կհաղորդի «Արևելյան գործընկերության» օրակարգի իրականացմանը: Եվրամիությունն ակնկալում է հարաբերությունների նոր մակարդակի ապահովում», — նշել է Հրիսթեան:

Երևանի և Բրյուսելի համագործակցության գործընթացում քաղաքացիական հասարակության կարևոր դերի մասին նշել է նաև Հայաստանի փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը: Ընդհանուր առմամբ, խորհրդաժողովի մասնակիցների կարծիքով, հետագա հարաբերությունների օրակարգը որոշակի դարձնելու համար կարևոր միջոցառում կլինի «Արևելյան գործընկերության» մայիսյան գագաթնաժողովը Ռիգայում:

Նախորդ հոդվածը‘ԱԺ-ն շարունակում է քառօրյա նիստերի աշխատանքը (ուղիղ) ‘
Հաջորդ հոդվածը‘Ոչ պետական բուհերի շրջանավարտները պետական նմուշի դիպլոմ ստանալու համար քննություն կհանձնեն’