‘Տրայան Հրիսթեա. Հայաստան-ԵՄ հարաբերությունները վերանայման փուլում են’

821

Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերանայումը պարզ գործընթաց չէ, որը կարելի է այսօր սկսել և վաղն ավարտել: Այդ մասին հայտարարել է Հայաստանում  ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան` հունիսի 3-ին Երևանում լրագրողների հետ զրույցի ժամանակ:

«Այդ գործընթացը ներառում է մի շարք կառույցներ, մասնավորապես, Հայաստանի իշխանությունները, քաղաքացիական հասարակությունը, Եվրամիության կառույցները և, առնվազն,  ԵՄ անդամ 28 երկրներ: Եվ, հաշվի առնելով կողմերից յուրաքանչյուրի ներքին քննարկումները, այնուհետև` քննարկումները կողմերի միջև, կարելի է հասկանալ, որ դա տևական գործընթաց է: Համագործակցության վերանայումն ու քննարկումները սկսվել են, դա կշարունակվի էլի որոշ ժամանակ, և երբ դրանց արդյունքներն արդեն  պարզ լինեն, մենք կսկսենք քննարկել վիլնյուսյան համաձայնագրերի փաթեթի շրջանակում դրանց իրագործման հնարավորությունները: Դա դյուրին չէ, դա արագ չի լինի, և չի կարող լինել պարզ ու հեշտ, հաշվի առնելով համագործակցության լայն սպեկտրի առկայությունը, հատկապես՝ ըստ առանձին ճյուղերի», — նշել է դիվանագետը:

Ընդ որում՝ նա ընդգծել, է որ ԵՄ շարունակում է ճյուղային համագործակցության շուրջ քննարկումները առանձին նախարարությունների հետ, որպեսզի գործողությունները համահունչ լինեն նախորդ տարվա սեպտեմբերի 3-ին Հայաստանի կայացրած որոշմանը:

Պատասխանելով այն հարցին, թե Հայաստանը որ ոլորտներում է մտադիր շարունակել ԵՄ հետ համագործակցությունը, Հրիսթեան նշել է, որ համագործակցության վերանայման գործընթացը դեռ ուսումնասիրվում  է, և խոսքը վերաբերում է ոչ միայն համագործակցության որոշակի ոլորտներին, այլև` եղանակներին:

Նրա ասելով՝ համագործակցության վերանայման գործընթացին զուգընթաց՝ շարունակվում է «Համագործակցության և գործընկերության ծրագրի» իրականացումը: Շարունակվում է նաև այլ ոլորտներում սկսված համագործակցությունը, և դրան զուգընթաց՝  ի հայտ են գալիս համագործակցության նոր ուղղություններ, որոնք համահունչ են նոր համաձայնագրին:

Հրիսթեան վերստին հայտարարել է, որ Հայաստանը կարող է ստորագրել ասոցացման շուրջ համաձայնագրի միայն լրիվ փաթեթը, քանի որ խորը և համապարփակ առևտրի շուրջ համաձայնագիրը դրա անբաժան մասն է:

«Կա փաստաթղթերի փաթեթ, որը ներառում է Վիլնյուսի գագաթնաժողովում ընդունված հռչակագիրը, նամակների փոխանակման գործընթացը և Հայաստանի խնդրագիրը ժողովրդավարացման, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում աջակցության վերաբերյալ: Համագործակցության վերանայման գործընթացը քննարկման փուլում է», — եզրափակել է նա:

Նախորդ հոդվածը‘Արդարադատության նախարարը՝ Միկոյանի մասին. Սխալ է պատմական կերպարներին քննադատելը’
Հաջորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում և ԿԲ-ում’