‘Տրայան Հրիստեա. ԵՄ-ի հետ մուտքի վիզայի դյուրացումը կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը’

1039

Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև մուտքի արտոնագրերի դյուրացման գործընթացը կնպաստի Հայաստանի և Եվրամիության շփումների ակտիվացմանն ու խորացմանը: Ինչպես նոյեմբերի 12-ին «ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացում Հայաստանի համար» թեմայով սեմինարի ժամանակ նշեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան, մուտքի արտոնագրերի դյուրացված ռեժիմը մեծապես կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը, ինչպես նաև փորձի փոխանակման հնարավորություն կտա: «Համաձայնագիրն ընդունվում է, որպեսզի համաձայնագրում թվարկված դիմորդների կյանքն ավելի հեշտացվի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Հրիստեան: Նա նշեց նաեւ, որ Հայաստանն էական առաջընթաց է արձանագրել Մուտքի արտոնագրերի դյուրացման եւ ռեադմիսիայի վերաբերյալ համաձայնագրի կատարման ուղղությամբ:

 ՀՀ արտգործնախարարության Եվրամիության բաժնի պետ Մհեր Մարգարյան ընդգծեց ԵՄ մուտքի արտոնագրերի տրամադրման հեշտացման կարևորությունը` Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների զարգացման առումով: «Մենք ակնկալում ենք, որ դեկտեմբերին համաձայնագիրը կստորագրվի»,- նշեց Մարգարյանը:

 2012 թ. հոկտեմբերի 18-ին Եվրամիությունն ու Հայաստանը Բրյուսելում նախաստորագրեցին մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագիրը: Այս համաձայնագիրը ենթադրում է ընթացակարգերի դյուրացում կոնկրետ երկրների քաղաքացիների համար` առանց փոփոխելու մուտքի արտոնագրերի տրամադրման պայմանները:

 ԵՄ-ի և Հայաստանի միջև մուտքի արտոնագրերի դյուրացման գործընթացի արդյունքում` կպարզեցվեն մուտքի արտոնագրի համար դիմելու համար հիմնավորող փաստաթղթերի ներկայացման գործընթացը, կնվազի մուտքի արտոնագրի համար վճարվող գումարը մինչև 35 եվրո, կկրճատվի դիմումների ուսումնասիրության համար պահանջվող ժամանակը, կդիտարկվի երկարատև վավերականություն ունեցող արտոնագրերի տրամադրման հավանականությունը:

Նախորդ հոդվածը’12 մլն 100 հազար դոլարի խոստում` մոսկովյան ճաշկերույթից հետո ‘
Հաջորդ հոդվածը‘Ջուլիետին սիրային նամակներ ուղարկողը կտունգանվի 500 եվրոյով ‘