‘Տրանսպորտի ուղեվարձի սակագինը կբարձրանա՞. «Ժողովուրդ»’

1621

Կառավարության երեկվա որոշմամբ՝ Չինաստանի կառավարության կողմից որպես նվիրաբերություն Երևանի քաղաքապետարանի «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին հատկացվեց մոտ 143 մլն դրամ: Այս գումարով ընկերությունը պետք է դիզելային վառելանյութով աշխատող ավտոբուսների շարժիչները փոխարինի սեղմված բնական գազով աշխատող շարժիչներով: Նաև այդ գումարով ավտոբուսների մաքսազերծման ծախսը պետք է վճարվի:

Այս փոփոխությունն ինչպե՞ս կանդրադառնա Երևանում գործող հասարակական տրանսպորտի ուղեվարձի սակագնի վրա: «Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և ՀՀ փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանի հետ:

Պարո՛ն Նավասարդյան, ավտոբուսների շարժիչների փոփոխությունն ինչպե՞ս կանդրադառնա ուղեվարձի սակագնի վրա:

-Ես նման տեղեկատվություն չեմ կարող տալ, որովհետև դեռ չգիտեմ, թե դա ինչ արդյունք կտա: Խոսքը 73 ավտոբուսի մասին է: Իսկ ուղեվարձի սակագնի մասով կա ստեղծված հանձնաժողով, որն էլ ուսումնասիրում է այս հարցը: Այս պահին ուղեվարձի սակագնի բարձրանալու մասին դեռևս խոսակցություն չկա:

Իսկ այս պահին Երևանում քանի՞ նման ավտոբուս կա, որոնք ունեն շարժիչների փոփոխության կարիք:

-Ընդամենը 73 ավտոբուսի համար է այդ գումարը հատկացվում, և շարժիչ ներկրվում: Մյուսները դեռ դիզելային վառելանյութով են աշխատելու: Այս պահին մյուս ավտոբուսների շարժիչների փոփոխության մասով նախ գումար է պետք:

Պարո՛ն Եղիազարյան, ի՞նչ սպասենք այս փոփոխությունից:

-Այդ ձեռնարկությունը (նկատի ունի «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ն-Ս.Հ.) քիչ էր մնում փակվեր, քանի որ չեն կարողանում այս պայմաններում աշխատել: Որքան էլ որ Երևանի քաղաքապետարանը նվիրատվություն կատարի, միևնույն է՝ ոչինչ չի փոխվում. ծայրը ծայրին չի կարողանում հասցնել: Գուցե ընկերության ծախսերը կրճատվեն:

Այնուամենայնիվ, ուղևորավարձի սակագինը չի՞ բարձրանալու:

-Մի՛ սպասեք ոչ մի բանի: Չի նշանակում, որ սրանից հետո սակագնի իջեցում կլինի: Դեռևս նախորդ տարի դուրս է գրվել մոտ 70 տրանսպորտային միջոց, որոնց ծառայության ժամկետը լրացել է, իսկ այս տարի՝ 80, բայց սրան զուգահեռ այն չի համալրվել: Դուրս են գրվել այն մեքենաները, որոնք շահագործելու իրավունք չունեն:

Նախորդ հոդվածը‘Էբոլայի դեպքում բժշկականում բացակայությունները հարգելի են համարվում. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘1993թ. ՀՀ-ում ծնվել է 59 հազար երեխա, իսկ 2013թ.՝ 41 հազար. «ՉԻ»’