‘Տրանսպորտի սակագինը նորից ցանկանում են բարձրացնել’

1359

Այսօր առավոտվանից առնվազն 40 երթուղիների վարորդները կրկին գործադուլ են արել, ինչի հիմնական պատճառը գազի թանկացումն է: Գործադուլին մասնակցել են, մասնավորապես, Նորքի 9-րդ զանգվածն սպասարկող երթուղիները: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս և մի շարք այլ խնդիրներին անդրադարձավ փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը: Նրա խոսքով՝ այսօր կան մեկ- երկու գազալցակայաններ, որոնք դեռ գազը չեն թանկացրել, սակայն վարորդները հրաժարվում են մեկ կիլոմետր ավելի քշել՝ զգալիորեն ավելի էժան գազ լիցքավորելու համար: Իսկ  բարձրացված գներով, ըստ նրա, լիցքավորված փոխադրամիջողներն աշխատում են վնասով: Ըստ Հրանտ Եղիազարյանի՝ լուծման ճանապարհները երկուսն են՝ կա՛մ պետությունը պետք է էժանացնի անհրաժեշտ պահեստամասերը, անվադողերը և ինքնարժեքով տրամադրի դիզվառելիք կամ գազ, և այդ դեպքում ուղեվարձը մնա 100 դրամ, կա՛մ էլ ուղեվարձը կբարձրանա՝ դառնալով՝ 300 դրամ:

Հ. Եղիազարյանը նշեց, որ այս բիզնեսը մեռնող բիզնես է, սակայն հեռանալ կամ թողնել բիզնեսը նրանք չեն կարող, որովհետև ցանկանում են գոնե իրենց ներդրման կեսը հետ բերել: Ուստի աշխատելու են այնքան, որքան կկարողանան:

Խմբագրության կողմից. Չի կարելի բացառել, որ նոր՝ 300 դրամ սակագնի մասին տեղեկությունները միտումնավոր են տարածվում՝ հետագայում սակագինը նշվածից թեեւ ցածր, բայց ներկա սակագնից բարձր՝ 150-200 դրամ դարձնելու համար: 

Նախորդ հոդվածը‘Յուրիկ Վարդանյանի որդին վաղաժամկետ ազատ է արձակվել ‘
Հաջորդ հոդվածը‘Ջեյմս Ուորլիք. Մենք կարևորում ենք Գերմանիայի մասնակցությունը ‘