‘Տրանսպորտի սակագնի փոփոխություն իրականում չկա. Իրավաբան’

2668

Այս մասին է գրում իրավաբան, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ընկերության գլխավոր իրավախորհրդատու, Ուտրեխտի համալսարանի շրջանավարտ Գրիգոր Բեքմեզյանն իր ֆեյսբուքյան էջում: Ներկայացնում ենք հիմնավորումները ստորև.

Ժողովուրդ ջան, ես մի թեթև ուսումնասիրեցի մեր օրենսդրությունը ու եկա այն եզրակացության, որ իրականում տրանսպորտի սակագինը չի փոխվել և մնացել է 100 դրամ: Ստորև ներկայացնում եմ իմ եզրահանգումները: Խնդրում եմ հաշվի առնել միայն մի բան՝ ապարդյուն փորձել եմ գտնել սակագների փոփոխման համապատասխան որոշումը: Չեմ գտել, և ողջ վերլուծությունը չեղած որոման հիման վրա է: Բայց ուզում եմ զգուշացնել, եթե հանկարծ նման որոշում բուսնեց, դրա իրավականության հարցն էլ կքննարկենք: Եվ այսպես.

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի 10 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Երևան քաղաքի ներքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցը կազմակերպում է Երևանի քաղաքապետը:

Նույն օրենքի 11 հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ավտոբուսային կանոնավոր երթուղու սպասարկումն իրականացվում է մրցույթում հաղթող կազմակերպության առաջարկած և մրցութային հանձնաժողովի ընդունած փոխադրավարձով:

Նույն մասի համաձայն՝ երթուղու փոխադրավարձը կարող է վերանայվել օբյեկտիվ պատճառներով (դրամի արժեզրկում, վառելիքաքսուքային նյութերի, տրանսպորտային միջոցների և ավտոպահեստամասերի գների աճ) կազմակերպության ներկայացրած հիմնավոր հաշվարկների հիման վրա՝ մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ և երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի որոշմամբ: Որպես հուշում՝ նշեմ, որ օրենքը «ավտոբուս» հասկացության տակ հասկանում է՝ ավտոմոբիլ, որի նստատեղերի քանակը, բացառությամբ վարորդի նստատեղի, գերազանցում է ութը. 9-17 նստատեղ ունեցող ավտոբուսը, առանց վարորդի նստատեղի, համարվում է միկրոավտոբուս:

Այսպիսով՝ ակնհայտ է, որ տրանսպորտային միջոցների փոխադրավարձի փոփոխությունը կարող է կատարվել միայն Երևանի քաղաքապետի որոշմամբ, որը ես դեռ չեմ կարողանում գտնել:

Երևանի քաղաքապետի որոշումը, որպես վարչական ակտ՝ ենթակա է հրապարակման: Մասնավորապես՝ «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի հոդված 3-ի համաձայն՝ քաղաքապետ` քաղաքային համայնքում, հանդիսանում է վարչական մարմին:

Քաղաքապետի որոշումը, նույն օրենքի 53 հոդվածի համաձայն՝ վարչական ակտ է (1. Վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն):

Նույն օրենքի 59 հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ գրավոր վարչական ակտը ենթակա է պարտադիր հրապարակման, եթե վարչական մարմնին հայտնի չեն այդ ակտով ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում: Չեմ ցանկանում մանրանալ օրենքով նախատեսված այլ դեպքերին, սակայն անհրաժեշտության դեպքում դա էլ կարելի է ներկայացնել: Իսկ տրանսպորտի սակագնի դեպքում ակնհայտ է, որ ակտը ենթակա է հրապարակման:

Եթե ասեն, որ մամուլով հրապարակվել է սակագների փոփոխման մասին, ապա պետք է նշել, որ մամուլով չի ասվել ոչինչ վարչական ակտի մասին, իսկ եթե նույնիսկ ընդունենք, որ ասվել է, ապա ստեղծված իրավիճակը նույնպես հակասում է վերոնշյալ հոդվածին, որը սահմանում է՝ մամուլում, զանգվածային լրատվության այլ միջոցներում կամ տեղեկատվության տարածման այլ միջոցներում հրապարակվում է գրավոր վարչական ակտի եզրափակիչ մասը: Նման եղանակով հրապարակման մեջ պետք է նշվի, թե որտեղ կարելի է ամբողջությամբ ծանոթանալ վարչական ակտին, այդ թվում` դրա հիմնավորմանը, ինչը չի կատարվել:

Այսպիսով՝ չկա ոչ մի իրավական ակտ, որը կսահմանի փոխադրավարձի փոփոխություն, ուստի ներկայումս գործում է 100 դրամ սակագին, իսկ ավել գումար պահանջողները կարծես թե խախտում են լիցենզավորման պայմանները:

Նախորդ հոդվածը‘Ավտովթար Երևանում. Կան վիրավորներ’
Հաջորդ հոդվածը‘Ուղեվարձի թանկացումն անօրինական է. իրավապաշտպան ՀԿ’