‘Տրանսպորտի վարչության պետ. Ես գծատեր չեմ, դրանք եղբորս ընտանիքի գծերն են’

1262

Երեւանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը բավականին ուշագրավ հայտարարություն է արել: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պնդել է, որ ինքը գծատեր չէ, գծատեր է իր եղբոր որդին: Նավասարդյանն ասել է, թե «ԴՅԱԿՈ-ԱՐԹ» ՍՊԸ-ն, որը սպասարկում է թիվ 18 երթուղին, իր որդիների անունով է գրանցված, սակայն երթուղին եղբոր որդունն է, պարզապես այս ՍՊԸ-ի անվամբ են գրանցել:

Նա նշել է, որ ՍՊԸ-ն գրանցված է իր որդիների` Անդրանիկ Նավասարդյանի եւ Էդգար Նավասարդյանի անվամբ, բայց երթուղին իր եղբոր որդունն է`  Արտակ Նավասարդյանինը: «Դա եղբորս տղայի գիծն է, ճիշտ է` ՍՊԸ-ն իմ որդիների անունով է, բայց եղբորս տղայի գիծն է: Իմ ընտանիքը գիծ չունի, դա եղբորս ընտանիքինն է: ՍՊԸ-ն է իրենց անունով, քանի որ տարածք ունեին, մեքենաներ ունեին, այդ ՍՊԸ-ով մասնակցեցին»,- ասել է Հենրիկ Նավասարդյանը:

Վարչության պետն ասել է, թե որդիներից Անդրանիկ Նավասարդյանը աշխատում է «Երեւան տրանսում»` որպես սովորական աշխատող, իսկ մյուս որդին` Էդգար Նավասարդյանը` Կադաստրում: Վարչության պետի երրորդ որդին էլ` Դավիթ Նավասարդյանը, «Մոշն թայմ» ՍՊԸ-ի սեփականատերն է, որը, Հենրիկ Նավասարդյանի խոսքով՝ զբաղվում է ոչ միայն հասարակական տրանսպորտում, այլեւ տարբեր վայրերում գովազդ տեղադրելով:

Մեր դիտարկմանը, թե փաստորեն՝ ձեր ընտանիքը տրանսպորտային բիզնեսով է զբաղված, վարչության պետն այսպես արձագանքել է. «Ի՞նչ եք առաջարկում, մեր տնից ոչ ոք իրավունք չունի՞ աշխատելու, իրավունք չունի՞ որեւէ  գործունեությամբ զբաղվել»:

Ի դեպ, Սամվել Ալեքսանյանն էլ՝ Լֆիկ Սամոն, պնդում է, որ ինքը բիզնես չունի, դրանք իր կնոջ անունով են: Տարոն Մարգարյանի բիզնեսների մեծ մասն էլ կամ կնոջ, կամ աներձագ պատգամավորի անունով է: Սերժ Սարգսյանն ու նրա եղբայրն ու փեսան էլ՝ այս նույն եղանակով գրեթե բիզնեսներ չունեն:

Հիշեցնենք, որ Hetq.am-ը նյութ էր հրապարակել, որտեղից պարզ էր դարձել, որ Նավասարդյանը եւ նրա ընտանիքը գծատերեր են: 

Նախորդ հոդվածը‘Երեկվա իրադարձությունները՝ ֆոտոշարքով’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանն ու ԵՄ-ն ավարտեցին ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցությունները’