‘
Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում երեկ երեկոյան հարձակում է տեղի ունեցել Ռուսաստանի դեսպանատան վրա: Հինգ մարդ վիրավորվել է, նրանցից մեկն ավելի ուշ մահացել է, հաղորդում է Associated Press-ը:
Reuters-ի տվյալներով՝ մոտավորապես 60 հոգի երեք կողմերից բարձրացել են դեսպանատան պարիսպների վրա, կոտրել դարպասները և պոկել Ռուսաստանի դրոշներից մեկը, սակայն դեսպանատան շենք չեն կարողացել մտնել: Հարձակվողներն անկանոն կրակել են դեսպանատան ուղղությամբ, սակայն պահապանները պատասխան կրակ են բացել, և հարձակումը կասեցվել է: Դեսպանատան աշխատակիցներից ոչ ոք չի տուժել: Ըստ որոշ լուրերի՝ միջադեպի պահին այնտեղ ոչ ոք չի եղել, քանի որ դիվանագետները և մյուս աշխատակիցներն ապահովության համար տեղափոխված են եղել օդանավակայան: ИТАР-ТАСС-ի աղբյուրները նշում են, որ իրավիճակն ամբողջությամբ վերահսկելի է: Երեկ գիշերը Լիբիայի ժամանակավոր կառավարության ղեկավար Ալի Զիդանը և արտգործնախարար Մուհամեդ Աբդելազիզն այցելել են Տրիպոլիում Ռուսաստանի դեսպանատուն և իրենց աջակցությունն են հայտնել դիվանագիտական ներկայացուցչությանը:
Ըստ տեղեկությունների՝ այս միջադեպը կապ չունի ահաբեկչության հետ, այլ վրեժխնդրության ակտ է՝ կապված նախօրեին լիբիացի զինվորականի սպանության հետ, որը, ենթադրաբար, կատարել էր ռուսաստանցի մի կին: Վերջինս Տրիպոլիում կրակել էր լիբիական ՌՕՈՒ սպային, ապա դանակահարել էր նրա մորը և արյունով պատին մակագրություն էր թողել, որում բացասաբար էր արտահայտվել 2011 թ. լիբիական ապստամբության և Մուամար Քադաֆիին տապալելու մասին: Կնոջ դրդապատճառների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ, նաև անհայտ է, թե նա որտեղ է գտնվում, ենթադրվում է, որ թաքնվում է Ռուսաստանի դեսպանատանը, փոխանցում է lenta.ru-ն:
‘