‘
Լրագրողների նկատմամբ ցանկացած տիպի ոտնձգությունները կանխելու համար անհրաժեշտ է, որպեսզի լրագրողական հանրությունը, ինչու չէ, նաև քաղաքացիական հասարակությունը ավելի հետևողական լինեն, դիմեն դատական ատյաններին երկրի ներսում, հաջողության չհասնելու դեպքում, նաև Մարդու իրավունքների Եվրոպական դատարան: Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» հանդիպման ժամանակ հայտարարեց «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության անդամ, փաստաբան Տիգրան Եգորյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 9-ին ԱԺ մուտքի մոտ Ա1+ հեռուստաընկերության լրագրող Մարինե Խաչատրյանի նկատմամբ կիրառված բռնությանը:
«Միշտ պետք է դրսևորել հետևողականություն, անգամ, եթե առաջին ժամանակահատվածում այդ հետևողականությունը բախվում է պատի: Դա նորմալ է, բոլոր քաղաքակիրթ երկրներում այս ճանապարհն անցել են և մենք էլ պետք է անցնենք այս ճանապարհը»,- նշեց նա: Փաստաբանի խոսքով, եթե հասարակությունը հետևողականորեն ճնշումներ գործադրի օրենքներն ու մարդու իրավունքները ոտնահարող պաշտոնյաների նկատմամբ, ապա ժամանակի ընթացքում կհասնեն նրան, որ նման պաշտոնայները արարքին արժանի պատասխանատվության կենթարկվեն:
‘