‘Տ.Հրիսթեա. Եվրամիությունը չի բացառում Հայաստանի հետ նոր համաձայնագրի ստորագրումը’

1232

«Եվրամիությունը չի բացառում, որ Հայաստանի հետ նոր համաձայնագիր կստորագրի մոտ ապագայում՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության առջև Երևանի ստանձնած պարտավորությունները»,- «Ազատության» հետ զրույցում ասել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, ընդգծելով, որ այդ հարցի շուրջ այժմ կողմերի միջև բանակցություններ են ընթանում:

Հիշեցնենք, այս շաբաթվա սկզբին Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով նոր հանձնակատար Յոհանես Հանը «Ազատությանը» տեղեկացրել էր, որ կողմերը առաջին անգամ նստել են կլոր սեղանի շուրջ և բանակցել համագործակցության հեռանկարները:

«Հաշվի առնելով Հայաստանի ստանձնած նոր պարտավորությունները՝ պետք է հասականանք՝ որոնք են այն ոլորտները, որոնց շուրջ հնարավոր կլինի երկկողմանի համագործակցություն ծավալել Հայաստանի հետ, և ներառել դրանք, ամենայն հավանականությամբ, մոտ ապագայում ակնկալվող համաձայնագրում», — ասել է Տրայան Հրիսթեան։

Այս շաբաթ Եվրամիությունը նաև հայտարարել է, որ Հայաստանին անհատույց 140-170 միլիոն եվրո կտրամադրի` արդարադատությունը, մասնավոր հատվածն ու հանրային կառավարումը բարեփոխելու համար:

Այս մասին փաստաթուղթը ստորագրելիս Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով նոր հանձնակատար Յոհանես Հանն էլ ընդգծել էր, որ Բրյուսելը հաստատակամ է՝ այդ հարցում աջակցելու Հայաստանին։

Տրայան Հիստերիայի խոսքով՝ սա թիրախային մոտեցում է և այս դեպքում համագործակցությունը շատ ստույգ է՝ ի շահ Հայաստանում ավելի լավ բիզնես միջավայրի ձևավորմանը։

«Հիմա մենք փորձում ենք կենտրոնանալ երեք հիմնական ոլորտների` արդարադատության համակարգի, մասնավոր հատվածի ու հանրային կառավարման վրա, և Հայաստանին 140-170 միլիոն եվրո տրամադրելով՝ մտադիր ենք շարունակել բարեփոխումներն այս ուղղություններով», — հայտարարել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարը։

Հարցին, թե հնարավոր է արդյոք, որ առաջիկայում Եվրամիությունը Հայաստանին ներկայացնի մի համաձայանգիր, որը հնավորություն կտա Հայաստանին Եվրամիության ասոցացման համաձայնագրի միայն քաղաքական մասը ստորագրել՝ առանց ազատ առևտրի գոտու մասին դրույթների, Տրայան Հրիսթեան ասել է, որ սկսվում է համագործացության նոր փուլ՝ նախորդ բանակցությունների հիման վրա:

«Մեկ տարի առաջ Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովում Հայաստանի և Եվրամիության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ԵՄ-ն չէր դադարեցնում իր աջակցությունը Հայաստանին՝ ժողովրդավարություն հաստատելու, կոռուպցիայի դեմ պայքարի ճանապարհին: Օգտագործել ներկայիս բանակցային գործընթացը և ապագայի համար ստեղծել նաև գործողությունների ծրագիր: Սկսվում է համագործակցության նոր փուլ և դրա ավարտին մենք կտեսնենք, թե ինչ համաձայնագիր կունենաք Հայաստանի հետ», — ասել է Հրիսթեան։

Նախորդ հոդվածը‘Ավելի խելացի հիմնավորում չկա՞ր. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Ստամբուլի նախկին ոստիկանապետը կանչվել է հարցաքննության Հրանտ Դինքի գործով’