‘Տ.Ուրիխանյանն առաջարկում է կանոնակարգել լինզաների ու օպտիկական ակնոցների արտադրությունը և առևտուրը’

680

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հետաձգեց «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է, որ կոնտակտային լինզաների, օպտիկական ակնոցների և դրանց համար նախատեսված ոսպնյակների արտադրությամբ ու առևտրով զբաղվեն միայն լիցենզիա ունեցող կազմակերպությունները և անհատ ձեռներեցները:

Նախագծի հեղինակ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ  նախագծի մշակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայում կոնտակտային լինզաների, օպտիկական ակնոցների եւ դրանց համար նախատեսված ոսպնյակների արտադրության ու առեւտրի պայմանները չեն կարգավորվում օրենքով, ինչի պարագայում վերոնշյալ ապրանքատեսակները հաճախ վաճառվում են առանց բժշկական ստուգման եւ համապատասխան մասնագետի թույլտվության: «Սա կարող է վնասել քաղաքացիների առողջությունն ու դառնալ տեսողության վատթարացման պատճառ»,- «Արմենպրես»-ի հաղորդամբ՝ նշեց պատգամավորը՝ հավելելով, որ առաջարկվող նախագծով` կոնտակտային լինզաների, օպտիկական ակնոցների եւ դրանց համար նախատեսված ոսպնյակների արտադրությամբ ու առեւտրով կարող են զբաղվել միայն համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպություններն ու անհատ ձեռներեցները:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նշեց, որ հարցն իսկապես կարևոր է, սակայն անհրաժեշտ է նաև մասնագիտական վերլուծություն: «Ես առաջարկում եմ հարցի քննարկումը հետաձգել: Հաջորդ նիստի ընթացքում մենք այստեղ կհրավիրենք նաև առողջապահության նախարարին և համապատասխան մասնագետների և ավելի մանրամասն կքննարկենք այս հարցը»,- ասաց Այվազյանը:

Տիգրան Ուրիխանյանը համաձայնեց հետաձգել հարցի քննարկումը՝ հույս հայտնելով, որ մասնագիտական քննարկումների արդյունքում հնարավոր կլինի նախագիծն ընդգրկել ԱԺ նստաշրջանի օրակարգում:

Նախորդ հոդվածը‘Լեհաստանի ԱԳՆ-ը ԵՄ անունից կմեկնի Կիեւ’
Հաջորդ հոդվածը‘ՄՕԿ-ը մերժել է ուկրաինացի մարզիկներին՝ ելույթ ունենալ սեւ ժապավեններով’