‘Տ. Ուրիխանյան. Ի՞նչ կա էդքան խորհրդակցելու, կա խախտում՝ պիտի լինի իրավական հետևանք’

1467

Ի՞նչ կա էդքան խորհրդակցելու, կա խախտում, կա օրինազանցություն՝ պիտի լինի իրավական հետևանք: iLur.am-ի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսպես մեկնաբանեց Սերժ Սարգսյանի՝ շաբաթ օրը հրավիրած խորհրդակցությունը, որի ժամանակ վերջինս անդրադարձել էր Վերահսկիչ պալատի, դատախազության ու կառավարության գործունեությանը:

«Վերահսկիչ պալատն ունի գործառույթ, նյութերն ուղարկում է դատախազություն, դատախազությունը հարուցում է կամ չի հարուցում քրեական գործ: Մի բանի հետ կապված՝ Սերժ Սարգսյանի ասածները, իմ գնահատմամբ, տրամաբանական էին՝ որ ընդամենը 1-2 օր էր պահանջվում կառավարությանը, որպեսզի տային տեսանելի պատասխան թվերի կամ գործողությունների լեզվով: Կառավարությունը, փոխանակ տար թվերի լեզվով, իրավական ձևակերպումներով պատասխաններ, երկար ժամանակ ինչ-որ արդարացումներ էր անում, փայտիկներ էին բերում»,- ասաց Ուրիխանյանը:

Նա նշեց, որ իր համար շատ կարևոր են իրենց թիմի, քաղաքական կառույցի գնահատականները, և մնացած ամեն ինչ, ինչ տեղի է ունենում, երկրորդական է, որովհետև իրենք գործողությունների կողմնակից են. ուզում են, որ իրավիճակը բարելավվի, չարաշահումներ չլինեն, լինելու դեպքում՝ օրենքին համապատասխան պատասխանատվություն կրեն բոլորը: 

«Թե ինչ խորհրդակցություններ, ներկայացումներ տեղի կունենան՝ հրապարակային, անկեղծ կամ ոչ այնքան անկեղծ նպատակներ հետապնդող, տարբեր ձևաչափի՝ առնվազն ինձ համար դրանք երկրորդական են: Սա իմ անձնական կարծիքն է: Երկխոսությունը, քննարկումը, որը քաղաքական կամ պետական գործիչների միջև հրապարակային ձևով տեղի է ունենում, բացարձակապես ոչինչ չի ասում, որովհետև ես Վերահսկիչ պալատի նախագահի զեկույցի ժամանակ հարց տվողներից մեկն էի և հորդորում էի, որ նյութերը ուղարկվեն դատախազություն: Յուրաքանչյուր խախտում իրականացնողի համար պատիժը պետք է անբեկանելի լինի»,- ընդգծեց պատգամավորը:

Նրա համոզմամբ՝ համակարգը պետք է գործի այնպես, որ ցանկացած չարաշահում կատարող կրի պատասխանատվություն, իսկ այդ պարագայում ո՛չ հրապարակային, ո՛չ էլ «չերևացող» քննարկումների, հայտարարությունների, խորհրդակցությունների անհրաժեշտություն չի լինի:

Հիշեցնենք, որ երեկ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, անդրադարձել էր ՎՊ հաշվետվությանը՝ հայտարարելով, թե ՎՊ-ի հաշվետվության մեջ ընդամենը 200 կամ 300 մլն դրամի հափշտակման կասկածանքի դեպքեր կան, իսկ մնացած բոլորը հեքիաթներ են:

Նախորդ հոդվածը‘Ս.Սարգսյանը Ռուսաստանի գլխավոր դատախազին պարգևատրել է Պատվո շքանշանով ‘
Հաջորդ հոդվածը‘Ինչո՞ւ է աղմկում նախագահականը, կամ «մենք պետք է»-ների հերթական գրոհը ‘