‘Տ.Սարգսյանը Ոսկու շուկայի մասին. Տարբեր տեսչական մարմինների գործողությունները պետք է համադրելի դարձնենք, որպեսզի այնտեղ հաճախակի ստուգում չանենք’

570

Այսօր կառավարության նիստից առաջ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է կառավարության շենքի առջև Երևանի «Ոսկու շուկայի» աշխատողների բողոքի ակցիային՝ հայտարարելով, թե աա առաջին դեպքը չէ, ոսկու շուկայի աշխատակիցները, կառավարության շենքի մոտ պարբերաբար ցույցեր են կազմակերպում, և բողոքի պատճառները շատ տարբեր են: «Ես ծանոթացել եմ տեղեկանքի հետ, որն ինձ ներկայացրել է էկոնոմիկայի նախարարության շուկաների վերահսկողության տեսչությունը: Այն տեղեկատվությունը, որը զետեղված է այդ տեղեկանքի մեջ, բացարձակապես չի համապատասխանում ԶԼՄ-ների տարածած տեղեկությանը: Միևնույն ժամանակ, տեսչության պետն ինձ հայտնեց, որ պետական ծրագրով դեկտեմբերի տասին նրանք պլանավորում են համալիր ստուգում իրականացնել ոսկու շուկայում: Մենք որդեգրել ենք այն սկզբունքը, որ տեսչական ստուգման ժամանակ նվազագույնի հասցնենք տնտեսվարող սուբյեկտին պատճառվող անհարմարությունները: Հաշվի առնելով այս հանգամանքը, մեր տարբեր տեսչական մարմինների գործողությունները պետք է համադրելի դարձնենք, որպեսզի այնտեղ հաճախակի ստուգում չանենք:
Բողոքները, որ ստանում ենք ոսկու շուկայի աշխատակիցներից կամ հաճախորդներից, շատ բազմազան են ` սկսած աշխատանքային պայմաններից, այնտեղ ստեղծված հակահրդեհային և սանիտարական վիճակից. հաճախորդները բողոքում են, որ ձեռք են բերում իրեր, որոնց վրա դրոշմ չկա, որակի վերաբերյալ կան լուրջ կասկածներ: Այս խնդիրը մեզ համար կարևոր է, որովհետև յոթ հազար մարդ է աշխատում ոսկու շուկայում, որտեղ մենք պետք է զգուշավոր լինենք և շատ լավ պետք է պատկերացնենք, թե ինչ խնդիրների ու ռիկսերի ենք առնչվում: Հանձնարարում եմ էկոնոմիկայի նախարարության շուկաների վերահսկողության տեսչությանը, առողջապահության նախարարության տեսչություններին և գործակալություններին, արտակարգ իրավիճակների նախարարության տեսչությանը, պետական եկամուտների կոմիտեին, որպեսզի համատեղ ծրագրով սկսեն այդ ստուգումը, որ ծրագրված է էկոնոմիկայի նախարարության շուկաների վերահսկողության տեսչության կողմից, որպեսզի նրանք գործ ունենան ստուգման մեկ գործընթացի հետ, և մենք վերջնականապես հասկանանք, թե ինչու են մեր քաղաքացիները պարբերաբար բողոքում, որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվում այդ շուկայում, ինչ ռիսկեր կան, ինչու են պարբերաբար մեր քաղաքացիները բողոքում»,- հայտարարել է նա: 

Նախորդ հոդվածը‘ Հրազդանի, Սարավանի և Սելիմի լեռնանցքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց ‘
Հաջորդ հոդվածը‘Գյումրիի «կանաչը» հավաքել են Պուտինի մեկնելուց հետո’