‘
Ոստիկանները թույլ չտվեցին Րաֆֆի Հովհաննիսյանին՝ իր մի քանի հարյուր համակիրների հետ միասին Դեմիրճյան փողոցից անցնել Բաղրամյան պողոտա: Երթի մասնակիցները Սարյան փողոցով իջան դեպի Ազատության հրապարակ, որտեղ Հովհաննիսյանը հայտարարեց, որ ժամը 6-ին, «ով ուզում է, իր հետ» երթով գնալու է Ծիծեռնակաբերդ:
«Վերադարձեք ժամը 6-ին, միասին կքայլենք, կհաղթենք: Կամ իրենք կգան, ներողություն կխնդրեն, կամ այս առաջիկա ամիսները իրենց կեղծ իշխանությունը, կեղծ կենացները, կեղծ պատարագները (ներողություն, մեղք եմ գործում), բայց մեր սուրբ հայրենիքն ապրելու է:
Եթե ձեզ համար ավելի կարոեւոր է ձեր սուտ կենացը, մեր երեխաների հեգնանքը, կերեք-խմեք: Ժամը 6-ին այստեղ, հետո Ծիծեռնակաբերդ: Գարեգին Ներսիսյան, Սերժ Սարգսյան, մենք այսօր ունենք ժամադրություն մեր ճակատագրի հետ: Մենք ունենք պայմանագիր, ինչպես Կարինն ասաց, մեր պապերի եւ երեխաների հետ», — ասաց Հովհաննիսյանը:
«Ծիծեռնակաբերդ գնալու չկա, գնում ենք Բաղրամյան», — բացականչեց հավաքվածներչից մեկը:
«Եթե ձեզ պետք է, Բաղրամյան գնացեք, ձեր կեղծ նախագահի հետ հաշիվ լուծեք, իսկ մենք գնում ենք ազգի միասնության՝ մոմերով, աղոթքով եւը վաղվա օրով: Ով խփվեց՝ խփվեց, վաղը հայ ժողովրդի Հայաստանի վերածնունդն է՝ առավոտ լուսո, արեգակն արդար՝ կտեսնենք էդ արշալույսը», -ասաց Րաֆֆի Հովհաննիսյանն ու իջավ հարթակից:
iLur.am-ի թղթակիցը հետաքրքրվեց նրանից՝ արդյո՞ք ակնկալում է, որ Սերժ Սարգսյանը կգա հրապարակ:
«Համարում եմ, որ քո հարցն ավելորդ է, չեմ սպասում իրեն», — պատասխանեց նա:
Մեր հարցին՝ «Արշալույսն ինչպե՞ս պիտի գա», Հովհաննիսյանը պատասխանեց. «Արշալույսը հայ ժողովրդինն է, արշալույսում չկա Սերժ կամ Րաֆֆի, կա հայ ժողովուրդը եւ Հայաստանի հանրապետությունը»:
Մանրամասները՝ տեսանյութում.
‘