‘Րաֆֆին ափսոսում է «Լիսկայի փխրուն հոգին խոցելու համար» եւ ժամադրում նրան Կապանում’

1147

Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ անդրադարձավ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի («Լիսկա») հարցազրույցին, որտեղ նա խոստացել է «ջարդել Րաֆֆի Հովհաննիսյանի գլուխը՝ օձի պես», եթե հաստատվի, որ նրա հայրը՝ պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը «հակահայ գրքեր է գրել»:

«Ընթերցեցի Լիսկայի, միգուցե, վերջին հարցազրույցը: Ես որ մարզպետ եմ ասում, թող ոչ ոք մտավարժանքներ չանի: Համակարգը պիտի փոխվի վերեւից ներքեւ: Բայց հերիք է, որ նրանք այդ մարզերը համարում են իրենց սեփականությունը, որ կարող են բռնանալ, կեղծել: Ինքը մի ժամանակ գրել է, որ իր մականունը հպարտության աղբյուր է: Բայց եթե վիրավորվում է, որ ես իրեն մականունով եմ դիմում, ուրեմն ես այլես նրան կդիմեմ «պարոն Խաչատրյան»: ուրեմն,  պարոն Խաչատրյան, ներողություն, որ ես խոցել եմ ձեր փխրուն հոգին», — ասաց Հովհաննիսյանը:

Նա հավելեց, թե կարող է հարգել Սուրիկ Խաչատրյանի վաստակը Արցախյան ազատամարտում, «եթե այդպիսին կա»:

Բայց ինքն արդեն անցել է ուրիշ հռետորաբանության՝ Ռիչարդ Հովհաննիսյանի հասցեին կեղտոտ, սուտ բաներ է ասել, որի համար ես իր ներողությունը չեմ խնդրում, որովհետեւ այդ ստոր արարածը ոչնչություն է: Այն մարդը վիրավորել է բազմաթիվ ազգային մտավորականների, ովքեր կյանք են նվիրել հանուն Հայ դատի պատմության ,ճշմարտության, Հայկական բարձրավանդակի, եւ թչ երբեք Անատոլիական: Ես ոչ մի բան եմ նրանց դիմաց, իսկ դուք՝ զրոյից պակաս: Իսկ եթե դուք սպառնում եք, որ իմ գլուխը պիտի ջարդեք, ես ձեզ ժամադրում եմ՝ երկուշաբթի Կապան, ժամը 10-ին, ժողովրդի առաջ», — հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: 

Նախորդ հոդվածը‘ՀԱԿ երիտթեւ. Ջանք չենք խնայելու ընտրական գործընթացների նկատմամբ միասնական վերահսկողության ձևավորման գործում’
Հաջորդ հոդվածը‘Իսրայելում ահաբեկիչներ են ձերբակալվել. Տեսանյութ’