‘
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Երեւի այն քիչ մարդկանցից եմ, ով հիմա մտածում է Րաֆֆիի մասին. այդ մարդը ի՞նչ երեսով պետք է դուրս գա մարդամեջ… Ի՞նչ դժոխային, դիակային կամ պապական տրյուկով է կրկին «արբեցնելու» հանրությանը:
Մարդ, որի պայքարին չեմ հավատացել ի սկզբանե ու անընդհատ արտահայտվել եմ, մարդ, ով քաջ նազարյան մեթոդով լույս աշխարհ եկավ ու նազարային պաստառի վրա գրեց. «Անհաղթ հերոս քաջ Րաֆֆի, որ կդառնա նախագահ»: Շինծու, փալաս-փուլուսով գեղազարդված տիկնիկը երեկ փլվեց: Բառիս բուն իմաստով փլվեց… ու ջուրն ընկավ նրա ողջ դերասանական աշխատանքը: Հայ ժողովուրդը՝ հանձինս Րաֆֆիի, կորցրել է տաղանդավոր մի դերասանի… Հիշենք նրա անթրաշ, ջինսային նվաղ վիճակը, երբ 21-օրյա հացադուլից դուրս գալուց հետո խաղում էր մարզերում… Ախր եթե թրաշվեր, մարդիկ կտեսնեին, որ նա իսկի էլ հացադուլավորի նման չէ… Գինեսի ռեկորդների գրքում արձանագրելի դեպք է, երբ 21 օրյա հացադուլավորը սլանում է մարզերով ու ժամերով ելույթ ունենում, խրոխտ պահանջում օլիգարխ մարզպետների հրաժարականը, ընդվզում չուզողների դեմ ու ռաֆայելլոյի նման «հալվում», երբ համտեսում է ռահվիրայի ու ոստիկանության անունը:
Րաֆֆիի բառապաշարն այնպես է հուզել ոստիկանապետին, որ նա էլ է սկսել լրագրողների հետ խոսել «հոգիս, փոքրիկս» նրբանվաղ արտահայտություններով… Բոլորս իրար համար հոգի ու սիրտ ենք դարձել, ու դա, ինչպես րաֆֆիագովերգողներն են ասում, ներմուծել է սիրառատ ու բարեւառատ Րաֆֆին: Նախագահի ինաուգուրացիայի օրը Րաֆֆին շողշողում էր բիլայնի բոլոր գույներով: 21 օրյա հացադուլավորի դեմքը փայլփլում էր կերած-խմածի բավականությամբ: Ասես հավաքված մարդիկ լինեին հացադուլավորները. դժգույն, նվաղ… ասես հացադուլավորը Ազատության հրապարակը լիներ… Պայքարի բովով անցած Ազատության հրապարակը փոթորկվում էր՝ հիմա՜, հիմա՜… Դանակը վաղուց ոսկորին էր հասել… Ու ալիքը քշեց ու տարավ Րաֆֆիին՝ Բաղրամյան… Նա հոսանքն ընկած գնում էր հեղեղի առաջ… Գնում էր, որովհետեւ չգնալ չէր կարող… Ինչ որ մի կետում զգալով, որ իրեն հեղեղը տանում է, «ուշագնաց եղավ»… Ստոպ, ժողովուրդ, ստոպ. այդ դերը Րաֆֆու համար չէ: Ու Բաղրամյանի ակունքից ոստիկանապետի ուղեկցությամբ Ծիծեռնակաբերդ «ճղեց»… Թռավ:
Վովա Գասպարյանի իրազեկմամբ՝ դա Րաֆֆիի նախաձեռնությունն էր, ու ոստիկանապետն անձամբ էր ուղեկցում «Նապոլեոնին» Ծիծեռնակաբերդ: Դա խոսում է մեր ոստիկանապետի անսահման մտահոգության եւ ուշադրության մասին: Րաֆֆիի քայլերի, շնչառության, կյանքի վերաբերյալ… Բաղրամյանի հունում մնաց ընդվզող հատվածը, որը խանգարում էր Րաֆֆիին՝ խաղաղ ճանապարհով կարգավորելու իր խնդիրները… Այսքանից հետո ի՞նչ տրյուկ է անելու Րաֆֆին, որպեսզի մարդիկ հավատան իրեն… չէ՞ որ առջեւում ավագանու ընտրություններ ու էլի ինչ որ բաներ կան, որոնց սպասում էր անհագ… Բայց ինչ էլ անի, իր համար նախատեսված ընդդիմության դաշտի նախագահ դառնալ այլեւս չի կարող…»
‘