‘Րաֆֆի Կալֆայան․ Ոչ լեգիտիմ ընտրությամբ նախագահ’

7110

Արմենիան Միրրոր Սփեքթեյթըր թերթը հրապարակել է միջազգային իրավունքի հայտնի մասնագետ Րաֆֆի Ֆիլիպ Կալֆայանի հոդվածը Հայաստանում նոր Սահմանադրության գործադրման և նոր կառավարման համակարգի պայմաններում նախագահի վերջին ընտրության հարցերին։ Ձեզ ենք ներկայացնում վերը նշված հոդվածից մեկ հատված։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Նոր սահմանադրություն. Խոստացված ժողովրդավարությունը ևս մեկ ձախողում է

Մարտի 15, 2018

 

Հայաստանի վերջին լուրերը բավականին հիասթափեցնող են: Մենք ականատես եղանք միակ թեկնածուի առաջադրմանը և Իշխանի միանձնյա կամքով՝ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում նրա ընտրությանը: Վարչապետի ընտրությունը կկայանա միայն ապրիլի 9-ից հետո, երբ կավարտվի ներկայիս նախագահի պաշտոնավարման ժամկետը, և խորհրդարանը կունենա ութ օր՝ թեկնածուներ առաջադրելու և մեկին ընտրելու համար: Հայաստանի Հանրապետական կուսակցությունն (ՀՀԿ) արդեն իսկ հայտարարել է բաց և անվանական քվեարկության սկզբունքին իր աջակցության մասին, որը պատգամավորների վրա ճնշում գործադրելու նշանակալի միջոց է: Հանրապետական կուսակցության և դրա համախոհի՝ Դաշնակցություն կուսակցության քվեները խորհրդարանում մեծամասնություն են կազմում, և դա ոչ մի կասկած չի թողնում իրենց թեկնածուի ընտրության հարցում: Կոալիցիային միանալու նախաշեմին՝ ՀՅԴ-ն պնդում էր սահմանադրությունը բարեփոխելու և կիսանախագահական կառավարումից խորհրդարանականին անցնելու միջոցով ժողովրդավարական կառավարումն ուժեղացնելու անհրաժեշտությունը: Ներկայիս սցենարն ապացուցում է, որ ժողովրդավարությունը մեկ անգամ ևս պարտություն կրեց: Ի լրումն՝ այն հավերժացնում է քաղաքացիների հանդեպ արհամարհանքը, թուլացնում է միջազգային ասպարեզում Հայաստանի հեղինակությունը, թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում թուլացնում է նրա ղեկավարներին՝ ներառյալ նոր նախագահը:

 

Նշանակալիորեն խաթարված լեգիտիմությամբ նախագահ

Արդարադատության նախարարը, որը ջանացել է օրենսդրական օրինագծի մշակումը համապատասխանեցնել նոր սահմանադրությանը, նշում է, որ Հայաստանը արժանահավատ է համարում ընտրված նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունն առ այն, որ ինքը հրաժարվել է բրիտանական քաղաքացիությունից 2011թվականին, և հավելում, որ որևէ պարագայում մեկ այլ երկրի կողմից լրացուցիչ հաստատման կարիք չի լինի, քանի որ Հայաստանն ինքնիշխան պետություն է: Այս հայտարարությունը ոչ միայն վիրավորում է ողջ հայ ժողովրդի առողջ դատողությունը, այլ նաև բնութագրում է Հայաստանի քաղաքական կյանքի անթափանցությունը, և դա, նախ և առաջ, փաստի վատ քողարկված ընդունումն է , որ ընտրված նախագահը չի բավարարում նոր սահմանադրության պահանջներից մեկին. այն է՝ վերջին վեց տարիների ընթացքում լինել բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Արագ վերլուծությունը հաստատում է այդ պնդումը. (1) քիչ հավանական է, որ 2011թ. Արմեն Սարգսյանը կարողանար կանխատեսել, որ նոր սահմանադրությունն ընդունվելու է 2015թ. և ընտրվելու է նախագահ Սերժ Սարգսյանի կողմից 2017թ.: (2) Ո՞վ կարող է մի պահ անգամ հավատալ, որ նա 2011 թ. հրաժարվել է իր բրիտանական քաղաքացիությունից և համոզել արքայազն Չարլզին այցելել Հայաստան 2013 թվականին. իրադարձությունների շղթա, որը, մեղմ ասած, ցնցող կլիներ բրիտանական պետության համար:  (3) Վերջին 30 տարիների ընթացքում Մեծ Բրիտանիայում ապրելով (բացառությամբ այն ժամանակահատվածի, երբ վարչապետ էր)՝ հավանական է, որ վաղ, թե ուշ կրկին բնակություն հաստատի Միացյալ Թագավորությունում:

ՀԿ-ների կոալիցիան նույնպես մարտի 5-ին արձագանքեց նոր նախագահի՝ «իր քաղաքացիության վերաբերյալ կասկածները փարատելու» ձախողման մասին լուրին (Տես՝ Թրանսփարենսիի հայտարարությունը):

Փաստաբան Վահե Գրիգորյանն ավելի համարձակ վերլուծություն է անում, որն առնչվում է նոր նախագահի ընտրության գործընթացին (տես՝ https://www.ilur.am/news/view/66500.html; https://www.ilur.am /news/view/66627.html; https://www.ilur.am/news/view/66818.html): Ըստ նրա՝ նոր սահմանադրությունը դեռ ուժի մեջ չի մտել, և, հետևաբար, նախագահի ընտրությունը պետք է իրականացվի 2005թ. դրույթների համաձայն, այսինքն՝ բնակչության, և ո՛չ խարհրդարանի ուղղակի քվեարկությամբ, որն այդպիսով կչարաշահեր իր սահմանադրական իրավասությունը, ինչպես սահմանված է 2005 թվականին:

Ինչպիսին էլ լինի վերլուծության դիտանկյունը, ինչպիսին էլ լինեն նրա անձնական որակներն ու հմտությունները, որոնք չեն քննարկվում, նոր նախագահն իր մանդատն ստանձնում է խոչընդոտով՝ ոչ լեգիտիմ ընտրությամբ:

Ավելին, նրա քաղաքացիության կարգավիճակին վերաբերող՝ Բրիտանիայի դիվանագիտական լռությունը կարող է զենք դառնալ, որը կկիրառվի հենց նրա դեմ: Երկրի ներսում այն կարող է նվազեցնել մանևրելու նրա ունակությունը՝ համեմատած իր նախորդների հետ, մինչդեռ միջազգայնորեն, արտաքին քաղաքականության առումով, այն է՛լ ավելի մեծ սպառնալիք է հանդիսանում:

 

Ֆիլիպ Րաֆֆի Կալֆայան

 

Նախորդ հոդվածը‘ՀԱՄԱՍ-ը Աբասին կոչ է արել պատժամիջոցներ չսահմանել’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանի արտաքսված դիվանագետները դուրս են եկել Լոնդոնում ՌԴ դեսպանատնից’