‘Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Վլադիմիր Գասպարյանին. Բարե՛ւ, զորավար (Տեսանյութ)’

1385

Իջեւանում քիչ առաջ մի միջադեպ տեղի ունեցավ: Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքի ժամանակ մի ոստիկանական մեքենա սկսեց մեգաֆոններով հայտարարել եւ զգուշացնել բնակիչներին, որ հավաքն ապօրինի է եւ կկիրառվի վարչական տույժ: Րաֆֆի Հովհաննիսյանը, լսելով սա, մոտեցավ հայտարարությունը տարածողին եւ պահանջեց ներկայանալ ու ասել, թե ո՞վ է այդ հրահանգը տվել՝ ոստիկանապե՞տը: Ոստիկանը վստահեցրեց, որ ոչ. «Ես կատարում եմ իմ ծառայողական պարտականությունները»:

Րաֆֆի Հովհաննիսյանը հոլիվուդյան ֆիլմերի պես ձեռքերն իրար խփեց եւ հանձնեց ոստիկաններին, որ իրեն ձերբակալեն կամ ի՛ր նկատմամբ վարչական տույժ կիրառեն, բայց հանգիստ թողնեն քաղաքացիներին, որոնք եկել են ընդամենը բարեւ ասելու: Ոստիկանը հրաժարվեց որեւէ պատժամիջոց կիրառել անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանի վրա: Այնուամենայնիվ, ոստիկանները քիչ հետո ելույթների ժամանակ նորից սկսեցին մեգաֆոններով հայտարարությունը կարդալ, ինչը բարկացրեց պարոն Հովհաննիսյանին: Նա տեղում՝ լրագրողների ներկայությամբ զանգահարեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին. «Ոստիկանապե՞տ: Բարեւ, զորավար, ինչպե՞ս եք: Իջեւանում ենք: Մհեր Միրզոյանն ասում է, որ իր պարտականությունը կատարում է, էլի այդ նույն հայտարարությունը անում է: Ես հիմա պիտի բարեւ ասեմ ժողովրդին, ուզում էի իմանալ՝ դա ձե՞ր հրահանգն է, թե՞ ուրիշ տեղից է եկել»: Վլադիմիր Գասպարյանը հավանաբար հետաքրքրվեց, թե քանի՞ մարդ է հավաքված՝ ճշտելու՝ 100 հոգուց ավելի՞ է, թե՞ ոչ. «Ես չեմ հաշվել»,- պատասխանեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ավելացնելով. «Լավ հայ մարդիկ են, մեր հայրենակիցներն են: Շատ լավ, շնորհակալություն: Դուք իմացեք, որ ինձանից ավելի օրինապաշտ քաղաքացի չկա, դրա համար ես խնդրում եմ եւ պահանջում եմ, որ վարչական պատասխանատվության ես ենթարկվեմ, եթե ես խախտել եմ»: Թե ինչ խոստացավ իր կողմից Վլադիմիր Գասպարյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը չմանրամասնեց, բայց դրանից հետո դադարեցին մեգաֆոնով հայտարարությունները:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ, Aravot.am

Տեսանյութը՝ CivilNet-ի

 

Նախորդ հոդվածը‘Արման Գրիգորյան. Մեզանում լիբերալիզմն այլընտրանք չունի’
Հաջորդ հոդվածը‘Ճապոնական խանութում վաճառքի է հանվել Մեսիի ոսկե ոտնաթաթը. Ֆոտո’