‘Րաֆֆի Հովհաննիսյանը հնչեցրեց Սերժ Սարգսյանին ներկայացվող առաջարկները’

1313

Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հնչեցրեց Սերժ Սարգսյանին ներկայացվելիք առաջարկությունների փաթեթը, իր խոսքով՝ պայմանագիրը:

Դրանցում նախատեսվում է նախագահական արտահերթ ընտրությունների անցկացում, կամ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացում այս տարվա ընթացքում՝ ԸՕ-ում փոփոխություններ մտցնելուց հետո՝ բացառապես համամասնական ընտրակարգով: Այնուհետեւ առաջարկվում է.

թույլատրել ընտրած քաղաքացիների ցուցակների հրապարակումը,

թույլատրել այլ երկրներում ՀՀ քաղաքացիների մասնակցությունը ընտրություններին կամ նվազագույնը՝ ցուցակներից հանել նրանց անունները, «որպեսզի անամոթաբար նրանց հաշվին լցոնումներ չանեն»:

 առնվազն հինգ մարզպետների ազատում եւ նրանց փոխարեն ժողովրդի՝ հանձին Րաֆֆի Հովհաննիսյանի, առաջարկած մարդկանց նշանակում: Ընտրախախտումներին մասնակցած գյուղապետերի՝ պաշտոններից ազատում, բոլոր ընտրակեղծարար պաշտոնյաներին ենթարկել քրեական պատասխանատվության:

 կառավարության եւ պետական գերատեսչությունների թվից հետեւյալ ոլորտների ղեկավարներ նշանակել ժողովրդի՝ հանձին Հովհաննիսյանի, ներկայացրած անձանց՝ գլխավոր դատախազություն, Հարկային եւ մաքսային ծառայություն, ԱԱԾ, ԱԳՆ, ԿԳ նախարարություն, Վերահսկիչ պալատ, Արդարադատության խորհուրդ, Հակակոռուպցիոն հանձնաժողով:

«Սույն պայմանագիրը անբաժանելի է, ենթակա է երկուստեք ստորագրման, իսկ դրանց դրույթները անբեկանելի են մինչեւ խորհրդարանական ընտրությունների ավարտը», — հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը, ստորագրեց թերթը եւ դրեց ծրարի մեջ: 

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը Ազատության հրապարակում’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ նախագահը ԱԽ նիստ է հրավիրել ‘