‘
«Թքած Սերժի ու Րաֆֆու վրա, որովհետեւ նոր Հայաստանն է գալիս: Ես պահանջում եմ, հիմա՛, Սերժ Սարգսյան, իմ հարգելի զորավար՝ Վովա Գասպարյան, Սեյրան Օհանյան, դատախազ խարդախ, կա՛մ տվեք ձեր հրաժարականը, կա՛մ ինձ ձերբակալեք»,- ասաց նա։ — Եթե Սերժ Սարգսյանը արդեն երդվել է կեղծ դահլիճում, եւ Վեհափառը օրհնել է նրա երդումը, ապա ես այլեւս չեմ ճանաչում ոչ Սարգսյանին, ոչ էլ Վեհափառին»:
Այնուհետեւ Րաֆֆի Հովհաննիսյանն ընթերցեց «Նոր Հայաստանի» երդման տեքստը: Հավաքվածները կրկնում էին նրա հետեւից, ոմանք՝ ձեռքներին պահաշծ Սահմանադրության նմուշները:
Մենք՝ Հայաստանի 4-րդ հանրապետության քաղաքացիներս, երդվում ենք մեր պապերի երազանքով, մեր երեխաների ապագայով, մեր պետության Սահմանադրությամբ, որ մենք պայքարելու ենք, պայքարելու ենք ամենուր՝ սիրով, հավատքով և չենք հոգնելու, չենք հիասթափվելու, հույս ենք տալու, ուժ ենք տալու իրար և մենք հաղթելու ենք։ Մենք՝ Նոր Հայաստանի հպարտ քաղաքացիներս, սուրբ Արարատի շուքի ներքո, կառուցելու ենք մեր իսկական հայրենիքը, որտեղից չեն փախչում մեր եղբայրներն ու քույրերը, որտեղ վերադառնում են բոլոր հայերն ու հայաստանցիները, որտեղ կա իրավունք, աշխատանք, ապագա, կա ընտրված նախագահ: Արդարության օրը հեռու չէ, այդ օրն այսօր է»:
«Նոր Հայաստանի» երդման տեքստը կարդալուց հետո Հովհաննիսյանը հորդորեց մարդկանց՝ գնալ տները, «երեխաներին կերակրել» եւ վերադառնալ ժամը 6-ին՝ «տոնելու հաղթանակը»: Նա տեղեկացրեց, որ երեկոյան երթ է լինելու: «Քայլելուց հոգնել ենք, հիմա՛», — բացականչեցին հրապարակից: «Հի-մա» վանկարկումներին Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանում էր՝ «Այո, տղերք, Հայաստանը հիմա է, եւ վաղը եւ հավիտյան»: Նա հորդորեց Վեհափառին եւ Սերժ Սարգսյանին երեկոյան ժամը 6-ին գալ Ազատության հրապարակ եւ «ճանաչել ժողովրդի հաղթանակը»: «Այլապես պատասխա՛ն եք տալու», — ասաց նա:
«Վաղն առավոտյան նոր արշալույս է բացվելու Հայաստանի վրա, չկասկածե՛ք», — ասաց նա: Հարթակից իջնելիս՝ անգլերենով հակիրճ ելույթ ունեցավ լրագրողների առաջ (արտասահմանյան լրատվամիջոցներից ներկա էր միայն Deutsche Welle-ն):
Հովհաննիսյանն իջավ հրապարակ, պտույտ տվեց եւ վերադարձավ՝ «Հիմա՝ ով ուզում է, թող ինձ հետ երթի դուրս գա Հյուսիսային պողոտա, Հարնապետության հրապարակ, Մաշտոցի պողոտա երթուղով: Ով ուզում է, թող գա, ով ոչ՝ թող մնա այստեղ, եւ ունկնդրի համերգը»:
Հանրահավաքից հետո մարդկանց դեմքներին տարաքուսանք կար՝ «Ինչ ասեց, հիմի հաղթել ե՞նք», — հարցրեց մի տարեց կին: «Ի՞նչ պիտի անենք չորս ժամ էստեղ: Մնանք, որ ի՞նչ անենք», — հարցնում էր Գյումրուց եկած մի քաղաքացի: Մի տիկին էլ ասաց, որ անպայման հրապարակում է լինելու ժամը 6-ին: «Տոնելու ենք հաղթանակը», — ասաց նա: «Կարծում եք՝ Սերժ Սարգսյանը կհրաժարվի՞ պաշտոնից», — մեր հարցին՝ պատասխանեց՝ «Եսի՞մ»:
‘